Ամեն տարի մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ են Հայաստանից մեկնում Եգիպտոս, և հատկապես նրանք, ովքեր չեն կարողացել հանգստի մեկնել ամռանը: Վերջիններս իրանց վաստակած հանգիստը փորձում են վայելել տաք ու արևոտ Եգիպտոսում:
Եթե արդեն հասցրել եք լինել Եգիպտոսում, ապա ամենայն հավանականությամբ պատկերացում ունեք երկրի առանձնահատկությունների և տեղի բնակիչների մշակույթի մասին: Իսկ ահա անփորձ զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում նախապես տեղեկացվել այդ ամենի մասին՝ անհարմար իրավիճակներից խուսափելու համար: Եվ այսպես, ի՞նչ պետք է իմանա զբոսաշրջիկը Եգիպտոս մեկնելուց առաջ:
ՎԻԶԱ
Այս տարվա մայիսից Եգիպտոս մեկնելու համար վիզան պարտադիր է բոլոր երկրների քաղաքացիների համար: Եգիպտոսի վիզայի համար անհրաժեշտ է Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանատան գրասենյակ ներկայացնել անձնագիր և լուսանկար: Վիզայի արժեքը $16 է: Հասցեն՝ Սեպուհի փողոց, 6ա:
ԺԱՄԱՅԻՆ ԳՈՏԻ
Եգիպտոսի ժամային գոտին հետ է մնում երևանյանից 2 ժամով: Բանկերն ու պետական հաստատությունները այստեղ աշխատում են ամեն օր` բացի ուրբաթ ու շաբաթից, ժամը 8:30-15:30: Պաշտոնական ոչ աշխատանքային օրը Եգիպտոսում ուրբաթն է: Խանութները հանգստավայրերում որպես կանոն աշխատում են 10:00-13:00 և 17:00-ից մինչև կեսգիշեր:
Եգիպտոսում պատրաստ եղեք նրան, որ չվերթները կարող են ուշանալ մի քանի ժամով. դա այստեղ սովորական երևույթ է: Առհասարակ Եգիպտացիները յուրահատուկ վերաբերմունք ունեն ժամանակի հանդեպ: Մի քանի ժամով ուշանալը կամ առհասարակ պայամնավորված վայր չգալը նրանց համար միանգամայն ընունելի է:
ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻԱՎՈՐ
Եգիպտոսի դրամական միավորը եգիպտական ֆունտն է: Դրամը փոխանակել եգիպտական ֆունտի այնտեղ, իհարկե, ձեզ չի հաջողվի, այնպես որ, նախապես վերածեք ձեր գումարը դոլարի: Դոլարը փոխանակել դուք կկարողանաք յուրաքանչյուր եգիպտական բանկում, բայց եղեք ուշադիր: Փոխարժեքները բանկերում կարող են խիստ տարբերվել միմյանցից:
ԵՂԱՆԱԿԸ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ
Եգիպտոսում կլոր տարին տաք եղանակ է, բայց յուրաքանչյուր ամիս ունի իր առանձնահատկությունները: Սեպտեմբերը հրաշալի ամիս է հանգստի համար, քանի որ ծովի ջերմաստիճանը շատ բարենպաստ է: Հոկտեմբերը համարվում է թավշյա սեզոն, այս շրջանում բացվում են կորալները, ինչը պարզապես հիասքանչ տեսարան է:
Նոյեմբերը համարվում է սերֆինգի համար լավագույն ժամանակը, թեև եղանակն արդեն փոքր-ինչ վատանում է: Դա շարունակվում է նաև դեկտեմբերին, թեև զբոսաշրջիկների հոսքի վրա դա չի անդրադառնում, քանի որ նրանք գալիս են վայելելու Նոր տարին տաք երկրում: Դեկտեմբերին հատկապես խորհուրդ է տրվում հանգիստը Շարմ-էլ-Շեյխում: Հունվարին եղանակը ցրտում է, կարող է իջնել անգամ մինչև +10, թեև ծովի ջերմաստիճանը մնում է բարենպաստ: Ամենահարմար ծովափը հունվարին Թաբան է:
Փետրվարին եղանակը սկսում է տաքանալ. զբոսաշրջիկները տարվա այս ամսին նախընտրում են Նուվեյբա ծովափը: Մարտ ամսին տարեց զբոսաշրջիկները կարող են հրաշալի հանգստանալ Եգիպտոսում և հագեցնել իրենց օրգանիզմը վիտամիններով, քանի որ սկսվում է մրգերի սեզոնը: Սակայն մարտին լինում են նաև ավազե քամիներ, այնպես որ, պետք է համապատասխան հագուստ վերցնել: Ապրիլին Եգիպտոսում ելակի և նռան սեզոնն է: Մայիսը Կարմիր ծովի ափին հանգստանալու ամենալավ ժամանակներից մեկն է համարվում: Հունիսին և հուլիսին ամենաշոգ ժամանակն է այստեղ +40-50, ավելի բարենպաստ են համարվում Կահիրեն և Հուրգադան, որտեղ ջերմաստիճանը մինչև +34-36 է: Օգոստոսին նույնպես դեռ շատ շոգ է: Ջրի ջերմաստիճանը հասնում է մինչև +29:
ՀԱԳՈՒՍՏ
Հյուրանոցի տարածքում կարող եք հագնվել այնպես, ինչպես կուզեք, իսկ փողոցում պետք է ավելի զուսպ լինել: Թե կանանց, թե տղամարդկանց խորհուրդ չի տրվում քայլել արաբներով լցված փողոցում շորտերով կամ ուսերը բաց վերնաշապիկներով: Դա պետք է հաշվի առնել նաև ռեստորաններում ընթրելու ժամանկ: Զբոսանքների և էքսկուրսիաների ժամանակ ցանկալի է կրել թեթև կտորներից կարված, բայց մարմինը, հատկապես՝ ուսերն ու ծնկները, ծածկող հագուստ: Չմոռանաք նաև գլխարկի մասին, ինչի կարիքը հատկապես կա՝ հաշվի առնելով շոգ եղանակը:
ՏԱՔՍԻ
Եթե որոշել եք տաքսի նստել, ապա իմացեք, որ այստեղ գումարը չի կազմավորվում անցած կիլոմետրերից: Գնի մասին պետք է նախապես պայմանավորվել՝ տաքսի նստելուց առաջ՝ նշելով այն վայրը, ուր ուղևորվում եք: Եթե մոռանաք այդ մասին, ուղևորության վերջում վարորդի պահանջած գինը կարող է ձեզ խիստ զարմացնել:
ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐ
Եգիպտոսում շատ են խանութներն ու շուկաները: Այստեղ կարելի է ձեռք բերել ամենատարբեր հուշանվերներ: Հիշեք, որ 3 լիտրից ավելի ալկոհոլային խմիչքներ չի թույլատրվում դուրս բերել երկրից: Արգելվում է նաև կորալների և խխունջների մեծ քանակություն դուրս բերել երկրից:
Առհասարակ ծովային նյութերից պատրաստված հուշանվերների ընտրությունը այստեղ շատ մեծ է: Յուրահատուկ են նաև պապիրուսի թերթերի վրա պատկերված նկարները: Մեծ է ընտրությունը նաև կալյանի, հոտավետ յուղերի, անուշահամ քաղցրավենիքների, կարկադե թեյի և տեղական հագուստի համար: Սա այն է, ինչով սիրում են հպարտանալ եգիպտացիները:
Եգիպտոսում ընդունված է գնի շուրջ սակարկելը: Վաճառողները պարզապես հաճույք են ստանում այդ գործից: Եվ եթե ձեզ էլ է դա դուր գալիս, ապա շատ հանարվոր է սակարկելու արդյունքում դուք ձեռք բերեք տվյալ իրը նախնական գնից շատ տարբեր գնով: Իսկ եթե վաճառողը զգա, որ դուք սակարկել չեք կարողանում, ապա հատուկ կբարձրացնի գինը: Նա այդպես կվարվի նաև՝ ձեզ մոտ նկատելով թանկարժեք տեխնիկա, այնպես, որ թողեք դրանք հյուրանոցում կամ թաքցրեք պայուսակի մեջ:
Պետք է նաև նշել, որ վաճառողները շատ համառ ու կպչուն են, և կարիք չկա նրանց լսել՝ քաղաքավարությունից ելնելով: Ծովափին նույնպես ձեզ շատ մանրավաճառներ կմոտենան կամ մարդիկ, ովքեր տարբեր ծառայություններ կառաջարկեն: Նրանցից վերջնականապես ազատվելու միակ ճանապարհը կտրուկ մերժելն է:
Ուշադիր եղեք, եթե ձեզ քաղաքավրի կերպով օգնություն առաջարկեն, օրինակ՝ ուղեկցել, որևէ բան ցույց տալ, լուսանկարել: Վերջում ամենայն հավանականությամբ նրանք դրա համար ձեզնից գումար կպահանջեն:
ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ
Եգիպտոսի ամենամեծ թվով հուշարձանները գտնվում են Լյուքսոր քաղաքում: Այն գտնվում է Նեղոսի ափին՝ Կահիրե քաղաքից ոչ հեռու: Այստեղ են գտնվում Կարնակի տաճարը, Ամենհոթեպ թագավորի կողմից կառուցված Ամոնի տաճարի փլատակները, Սֆինքսների շղթան, երկու հսկայական օբելիսկներից մեկը, 1886 թվականին կառուցված Ձմեռային պալատը:
Լյուքսորի մոտակայքում կարելի է այցելել Մրգերի կղզի, որտեղ զբոսաշրջիկներին տանում են մեծաթիվ նավակներով, ինչպես նաև Մեռյալների քաղաք:
Գիզայի բուրգերը միակն են, որ պահպանվել են աշխարհի Յոթ հրաշալիքներից: Ամենամեծ՝ Հեֆրենի բուրգի դիմաց է կանգնած հանրահայտ Սֆինքսը` մարդու գլխով և առյուծի մարմնով առեղծվածային արարածը: Ամեն երեկո այստեղ տեղի են ունենում լուսային և երաժշտական շոուներ, որոնք էլ ավելի խորհրդավոր են դարձնում տեղանքը:
Անչափ հետաքրքիր վայր է Կահիրեի Հնությունների թանգարանը, որը կառուցվել է 1900թվականին: Այստեղ կարելի է տեսնել ավելի քան 120.000 ֆանտաստիկ հնէաբանական գտածոներ:
Հիշեք, որ էքսկուրսիաների գնալիս հարկ է ձեզ հետ անձնագիր վերցնել:
Եգիպտոսի մյուս կարևոր խորհրդանիշը բուրգերից հետո ուղտերն են: Կա կարծիք, որ ուղտ նստելը մի գին է, իսկ ուղտից իջնելը՝ մեկ այլ գին: Անշուշտ անազնիվ եգիպտացիներ կարող են հանդիպել, բայց դա հիմնականում պատահում է ավելի խուլ տարածքներում: Տուրիստական թեժ կետերում, երբ մեծ քանակությամբ մարդ կա, դա դժվար թե պատահի: Ցանկալի է ուղտերով զբոսանքի համար ուղևորվել մեծ խմբով և երբեք ոչ միայնակ:
ԵՎՍ ՄԻ ՔԱՆԻ ԿԱՐԵՎՈՐ ԿԱՆՈՆ
ԵԳԻՊՏՈՍ ՄԵԿՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Եգիպտոսի փողոցներում պետք է զուսպ լինել: Այստեղ չի կարելի հարբած վիճակում շրջել փողոցում, ինչպես նաև ծխել: Չի կարելի նաև տեղացիներին առաջարկել խմել ձեզ հետ:
Չի կարելի լուսանկարել մարդկանց դեմքերը՝ առանց նրանց թույլտվության:
Եգիպտացիները սովոր են թեյավճար ստանալ: Պատվերի 5%-ը լիովին բավարար է:
Չի կարելի խմել ջուր ծորակից: Այն պետք է գնել կրպակներում ու խանութներում: Հյուրանոցում ջուրը բավական թանկ արժե:
Չի կարելի դիպչել ծովային կենդանիներին: Դրանցից շատերը թունավոր են: Խորհուրդ է տրվում նաև խայթոցներից խուսափելու համար ծովում կոշիկ կրել: Նեղոսի ջրերը մտնել նույնպես պետք չէ: Այն լի է բակտերիաներով:
Անպայման վերցրեք ձեզ հետ արևապաշտպան քսուք: Այն այստեղ ոչ միայն հարկավոր է արևից պաշտպանվելու համար, այլև այն պատճառով, որ այստեղ այն հնարավոր է ձեռք բերել միայն շատ թանկ գնով:
Երկրի փողոցներում կա զբոսաշրջային ոստիկանություն, որի օգնությանը կարելի է դիմել անհրաժեշտության դեպքում: Օգնությունն անվճար է:
Եգիպտոսը իսլամական երկիր է: Այստեղ շատ են գրված ու չգրված կանոնները և դրանք խախտել միանշանակ չարժե, հատկապես եթե հարցը վերաբերվում է կրոնական հարցերին: Լինելով զգույշ ու տեղեկացված՝ կարելի է իսակպես վայելել այս հրաշալի հանգստավայրի արևոտ եղանակը, ծովը, համեղ մրգերն ու հիասքանչ տեսարժան վայրերը:
In this article
- ՏՈՒՐԻԶՄ
- բուրգեր
- Եգիպտոս
- Եգիպտոս ավիատոմս
- Եգիպտոս բուրգեր
- Եգիպտոս գներ
- Եգիպտոս դրամական միավոր
- Եգիպտոս եղանակ
- Եգիպտոս թռիչքներ
- Եգիպտոս ժամային գոտի
- Եգիպտոս ծովափեր
- Եգիպտոս հնություններ
- Եգիպտոս հուշանվերներ
- Եգիպտոս ձմռանը
- Եգիպտոս Նոր տարի
- Եգիպտոս Շարմ էլ Շեյխ
- Եգիպտոս ուղևորություն
- Եգիպտոս ուղտ
- Եգիպտոս սֆինքս
- Եգիպտոս վիզա
- Եգիպտոս տեսարժան վայրեր
- Եգիպտոս տուրեր
- Եգիպտոս տուրիզմ
- եղանակ
- զբոսաշրջային տուրեր
- թանգարաններ
- ժամային գոտի
- խորհուրդներ
- խորհուրդներ զբոսաշրջիկին
- Կահիրե
- հանգիստ Եգիպտոսում
- հանգիստ Հուրգադայում
- հանգիստ Նոր տարվվա համար
- հանգիստ Շարմ էլ Շեյխում
- հին Եգիպտոս
- Հուրգադա
- Հուրգադա տուրեր
- Նոր տարի տուրեր
- որտեղ նշել Նոր տարին
- ուղտ
- Սֆինքս
- վիզա
- տեսարժան վայրեր
- տուրեր
- տուրիզմ
Join the Conversation