ԵԼՈՒՅԹԸ ՍԿՍԵԼՈՒ 5 ՀՐԱՇԱԼԻ ՏԱՐԲԵՐԱԿ

Մի քանի շատ պարզ խորհուրդ հասարակության առջև ելույթը սկսելու և լսարանին կառավարելու համար: Դրանք կիրառելով՝ ինքներդ էլ չեք նկատի, թե ինչպես կհաղթահարեք ելույթ ունենալու վախը:

17044
ելույթը սկսելու 5 տարբերակ

Շատ հաճախ մեզնից շատերը հասարակության առջև որևէ բան ներկայացնելու խնդրի առջև են կանգնել, բացել են PowerPoint ծրագիրը և չեն իմացել՝ ինչից սկսել: Իհարկե, նախևառաջ, պետք է կողմնորոշվել նպատակի հարցում, բայց եթե այդ հարցը ձեզ համար արդեն պարզ է, պետք է մտածել սկզբի մասին: Ահա հասարակության առջև ելույթը սկսելու 5 հրաշալի տարբերակ: Խորհուրդ են տալիս Slideshare պորտալի մասնագետները:

ելույթը սկսելու 5 տարբերակ

ԼՌՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱԴԱՐՆԵՐ

Մարդկանց առջև ելույթ ունենալիս դժվար է ոչ միայն խոսելը, այլև լռելը: Երկրորդը հաճախ շատ ավելի դժվար է տրվում: Բայց պետք է փորձել: Ասեք մի քանի բառ և մի քանի վայրկյանով դադար տվեq: Հայացք նետեք ձեզ լսողների վրա. համոզվեք, որ նրանք ձեզ են նայում: Հետո կրկին ասեք մի քանի բառ և կանգ առեք:

Սա շատ արդյունավետ միջոց է լսարանին հետաքրքրելու, նրա ուշադրությունը գրավելու համար, ինչպես նաև այդպես դուք կհաղթահարեք ձեր վախը և ելույթի ողջ ընթացքում կպահպանեք ձեր ինքնակառավարումը:

ՀԵՏԸՆԹԱՑ ԿԱՄ ԱՌԱՋԸՆԹԱՑ

Ելույթը կարելի է հաջողությամբ սկսել՝ օգտվելով այս երկու մեթոդներից և պատմելով ձեր ելույթի խնդիրների հետ կապված հետաքրքիր պատմություններ անցյալից կամ ապագայից: Ահա մի քանի օրինակ:

Առաջընթաց կամ հայացք դեպի ապագա: 30 տարուց, ամենայն հավանականությամբ, ձեր մասնագիտությունն այլևս գոյություն չի ունենա:

Հետընթաց կամ հայացք դեպի անցյալ: 1970 թվականին Ճապոնիային պատկանում էր համաշխարհային շուկայի 9%-ը, այսօր այդ երկիրը տիրապետում է 37-ին:

Այս մեթոդի հաջող կիրառման գաղտնիքը նրանում է, որ մարդիկ ներկա իրականությունն ընկալում են՝ ասոցացնելով ու համեմատելով անցյալի կամ ապագայի հետ: Այնպես որ, խոսքն այսպես սկսելով, դուք անշուշտ կգրավեք ձեզ լսողների ուշադրությունը:

ՆՇԱՆԱԿԱԼԻ ՄԵՋԲԵՐՈՒՄ

ելույթը սկսելու 5 տարբերակ

Այս տարբերակին անշուշտ դուք ծանոթ եք: Այսպիսի նախաբանով ելույթներ մեկ անգամ չեք լսել հաջողակ մարդկանցից կամ ղեկավարներից: Ճիշտ ընտրված, թեմայի հետ կապված մեջբերումը ձեզ հրաշալի խաղաթուղթ է տալիս: Դուք շահում եք լսարանի վստահությունը, որովհետև այն միտքը, որը դուք արտահայտում եք ելույթի սկզբում, ստիպում է ձեզ լսողներին ենթագիտակցորեն ձեզ ասոցացնել այն մարդու հետ, ում խոսքը դուք մեջբերել եք:

Այնպես որ, մնում է միայն ճիշտ ընտրել մեջբերումը:

ԶԱՐՄԱՆԱԼԻ ՓԱՍՏ

Եթե ձեզ հաջողվի գտնել և ներկայացնել զարմանալի ու «չծեծված» փաստ ձեր ելույթի թեմայի հետ կապված, ապա հենց դրանից էլ արժե սկսել ձեր խոսքը: Անգամ եթե այդ փաստը բարոյախրատական կարևոր ենթատեքստ չունի, միևնույն է, մարդկանց միշտ հետաքրքիր է որևէ աննախադեպ բան իմանալ, այնպես չէ՞:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ճիշտ ընտրված, ոչ մեծ պատմությունը նույնպես կարող է օգնության հասնել: Այն հնարավորություն կտա ձեզ լսողներին ավելի խորությամբ հասկանալ ներկայացվող թեման: Մարդիկ սիրում են լսել պատմություններ, իրենց պատկերացնել հերոսների տեղում, վերապրել նրանց զգացողությունները: Բացի այդ, նման պատմությունը ձեզ հնարավորություն կտա մեղմացնել և ավելի գրավիչ դարձնել թվերով ու վիճակագրությամբ հագեցած ելույթը:

Մյուս անգամ կխոսենք ելույթների ճիշտ կառուցվածքի և ազդեցիկ ամփոփման մասին:

In this article


Join the Conversation