ՏԱԴԱՈ ՅԱՄԱԳՈՒՉԻ – ԱՄԵՆԱԼԱՎ ՕՐԸ. ԱՌԱԿ

«Ամենալավ օրը» առակը Տադաո Յամագուչիի բազմաթիվ իմաստուն առակներից մեկն է: Տադաո Յամագուչին ճապոնացի գրող է, հասարակական գործիչ, ձեռնարկատեր, ինչպես նաև Ռեյկիի ուսուցիչ:

8516
ամենալավ օրը

Մի անգամ աշակերտները հարցրին իրենց Ուսուցչին:

– Ուսուցի՛չ, ասա՛, կա՞ օր, որն ավելի բարենպաստ է գնորդին առաջարկ ներկայացնելու համար:

– Օ՞ր,- զարմացավ Ուսուցիչը:

– Այո, գուցե, շաբաթվա օրերից մեկը կամ հատուկ որևէ ամսաթիվ:

– Ա՜, ամենալավ շաբաթվա օր,- ասաց Ուսուցիչը և ուշադիր նայեց աշակերտներին,- անշուշտ, դա չորեքշաբթին է:

Բոլոր աշակերտները բացեցին տետրերն ու արագ գրի առան Ուսուցչի ասածը: Միայն նրանցից մեկը տեղից չշարժվեց: Նա նայում էր Ուսուցչին ու ժպտում:

– Իսկ դու ինչո՞ւ գրի չես առնում, – խիստ ձայնով հարցրեց Ուսուցիչը:

– Որովհետև ես գիտեմ, թե դուք ինչ կասեք հետո, Ուսուցի՛չ:

– Եվ ի՞նչ կասեմ:

– Այն, որ այդ օրը նաև երեքշաբթին է, ուրբաթը, շաբաթը, երկուշաբթին, հինգշաբթին ու կիրակին:

– Դու ճիշտ ես,- ասաց Ուսուցիչը,- միայն թե ես ուզում էի սկզբից նշել ուրբաթը, հետո երեքշաբթին:

Մյուս աշակերտները ծիծաղեցին, որ իրենց ընկերը ամբողջությամբ ճիշտ չէր պատասխանել: Եվ մեկը հարցրեց.

– Ուսուցի՛չ, հենց ա՞յս հաջորդականությունն է ճիշտը:

Ուսուցիչը նայեց քիչ առաջ պատասխան տված աշակերտին և ասաց.

– Պատասխանի՛ր:

– Միայն մեկ օր կա,- ասաց աշակերտը:- Այդ օրը Այսօրն է:

ըստ Տադաո Յամագուչիի «Վաճառքի ուղին» գրքի

In this article


Join the Conversation