Մատների արանքով նայելով ինքնուրույն կամ կուրսային աշխատանքներին՝ շատ ուսանողներ վերջին կուրսում կանգնում են մեծ դժվարության առջև: Սկսում են տանջվել՝ իրենց ղեկավարի պահանջով աշխատանքը բազմաթիվ անգամներ փոփոխելով և օրեր ու շաբաթներ գրադարաններում անցկացնելով: Շատերը անգամ հուսահատվում են և գնում են «հեշտ» ու վտանգավոր ճանապարհով՝ գնելով պատրաստի դիպլոմային աշխատանքներ:
Լավ ու որակյալ դիպլոմային աշխատանք ստեղծելու, բարձր գնահատական ստանալու և սեփական խղճի առջև ազնիվ լինելու համար Internest.am-ն ուսանողներին առաջարկում է օգտվել այս կարևոր ու գործնական խորհուրդներից:
ԹԵՄԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Գերազանց դիպլոմային աշխատանքի առաջին նախապայմանն այն է, որ հետազոտվող թեման հետաքրքիր լինի ուսանողին: Հենց դրա համար էլ հարկավոր է այդ մասին նախապես մտածել: Դեռ 3-րդ կուրսում՝ կուրսային աշխատանք գրելու ժամանակ, արժե ընտրել այնպիսի թեմա, որը հետագայում հիմք կծառայի դիպլոմայինի համար: Այդպես դուք ոչ միայն կկողմնորոշվեք առարկայի ու ղեկավարի ընտրության հարցում, այլև կունենաք բավականաչափ մշակված նյութ:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
Ենթադրվում է, որ դիպլոմային գրելու ընթացքում դուք այդ թեմայի իսկական մասնագետ պետք է դառնաք, բայց դա ձեր ղեկավարին, ինչպես նաև հանձնաժողովին ապացուցել կարող եք միայն՝ ներկայացնելով հավաստի ու հագեցած գրականության ցանկ:
Ընդամենը մի քանի գիրք նշելով օգտագործված գրականության ցանկում՝ դուք ձեր աշխատանքը դատապարտում եք ցածր գնահատականի: Դա իսկապես տարօրինակ կարող է թվալ այն դեպքերում, երբ թեման գրեթե ուսումնասիրված չէ, և աղբյուրները քիչ են, բայց իրավիճակը դրանից հանձնաժողովի համար առանաձնապես չի փոխվում:
Գրականության ցանկում աղբյուրներ ներառելիս հաշվի առեք, որ դրանք կարող են լինել նաև դեսերտացիաներ, գիտական հոդվածներ, մենագրություններ և այլն:
Թեև մի քանի տարի առաջ դասախոսները բավական թերահավատորեն էին վերաբերվում էլեկտրոնային աղբյուրների վրա հղումներն, բայց եթե դրանք հավաստի են և բովանդակային առումով չեն զիջում տպագիր նյութերին, ապա միանշանակ արժե դրանցից օգտվել: Բացի այդ, այդպես նաև գումար կխնայեք գրականություն ձեռք բերելիս:
ՁԵՎԱՉԱՓ
Մյուս տարօրինակ, բայց անվիճելի փաստն այն է, որ ցածր գնահատականի պատճառներից մեկն էլ տեքստային ու տեխնիկական շեղումներն են պահանջվող ձևաչափից՝ տառաչափ, տառատեսակ, տողերի միջև հեռավորություն և այլն: Այս «անարդարությունից» խուսափելու համար, դեռ դիպլոմային աշխատանք գրել չսկսած, ճշտեք այդ ամենը ֆակուլտետի դեկանատից կամ ամբիոնից և Word փաստաթուղթը բացելուն պես ընտրեք համապատասխան ձևաչափը: Դեկանատում ձեզ կտրամադրեն նաև դիպլոմայինի կազմի ձևանմուշը:
Դիպլոմային աշխատանքի հանդեպ շատ ավելի խիստ են վարվում, քան կուրսայինների և այլ գրավոր աշխատանքների: Ակնկալվում է, որ դիպլոմային աշխատանքի էջերի քանակը պետք է լինի մոտ 100 էջ, իսկ օգտագործված գրականության ցանկը՝ մոտ 50:
Դիպլոմայինի տեքստում մեջբերումներ անելիս անպայման ուշադրություն դարձրեք տողատակի նշումների առկայությանը, առաջաբանին ու վերջաբանին: Գրականության ցանկը կազմելիս դասավորեք դրանք կա՛մ այբբենական հաջորդականությամբ, կա՛մ ըստ հրատարակման տարեթվի:
ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԱՍ
Քանի որ ուսանողը քիչ ժամանակ ունի, պետք է աղբյուրների որոնման հետ միաժամանակ զբաղվի նաև՝ գործնական մասն ապահովելով: Դիպլոմայինի այս հատվածը պետք է գրվի բացառապես ուսանողի կողմից:
Գործնական մասը դիպլոմային աշխատանքի պարտադիր ու կարևոր մասն է կազմում և շատ հաճախ որոշում է ձեր գնահատականը:
Եթե դուք տեխնիկական մասնագիտություն եք ուսումնասիրում, ապա այդ գործնական մասը պետք է կապված լինի ինքնուրույն հաշվարկների, գործողությունների ու մշակված ծրագրերի հետ: Հումանիտար մասնագիտությունների դեպքում (ինչպես սոցիոլոգիան, լրագրությունն ու բանասիրությունն են) դրանք կարող են լինել հարցազրույցներ, վիճակագրություն, հարցումներ, տեքստի ուսումնասիրություն ու վերլուծություն և այլն:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Տեսական և գործնական նյութը հավաքելուց հետո պետք է սկսել գրել սևագիրը: Մեկ ընդհանուր տեքստային ֆայլի մեջ հավաքեք այն բոլոր տեքստային մասերը, որոնք ցանկանում եք ընդգրկել դիպլոմային աշխատանքի մեջ: Էլեկտրոնային տարբերակներից անմիջապես կարող եք մեջբերումներ անել, իսկ տպագիր գրականությունը կարող եք սկանավորել և վերածել տեքստի՝ օգտվելով համապատասխան ծրագրերից:
Հենց սևագրում նշեք բոլոր տողատակերը: Դա ձեզ կօգնի հետագայում խուսափել դրանց տեղերը գտնելու գլխացավանքից:
Տեքստը տրամաբանական մասերի բաժանելուց հետո սկսեք ջնջել անպետք հատվածները, իսկ մնացած մասերի հիման վրա սկսեք գրագետ ու համակարգած ձևակերպել ձեր մտքերը՝ համապատասան անցումներով ու վերլուծություններով: Արդյունքում պետք է ստացվի մոտ 100 էջ:
Հիմնական մասը գրելուց հետո հարկավոր է մտածել նախաբանի ու վերջաբանի մասին: Հանձնաժողովի անդամները սովորաբար տանել չեն կարողանում քնարական զեղումներով առաջաբանները: Առաջաբանը պետք է պատասխանի մեկ կարևոր հարցի՝ ինչո՞ւ եք դուք գրում այդ դիպլոմային աշխատանքը: Իսկ պատասխանը պետք է պարունակի աշխատանքի ակտուալության, նպատակի ու առաջադրված խնդիրների համառոտ ամփոփումը: Առաջաբանում արժե նշել նաև այն մեթոդները, որոնք կիրառել եք աշխատանքը գրելու ընթացքում, աղբյուրները, որոնցից օգտվել եք, և պետք է ներկայացնել աշխատանքի կառուցվածքը:
Իսկ ահա վերջաբանում պետք է ներկայացնեք արդյունքները, որոնց հասել եք դիպլոմային աշխատանքը գրելու ընթացքում:
Աշխատանքը կարող է ունենալ նաև հավելված՝ լրացուցիչ աղյուսակների, նկարների ու պրեզենտացիաների տեսքով:
Այս ամենից հետո կարող եք ներկայացնել աշխատանքը ձեր ղեկավարին, ով, ամենայն հավանականությամբ, կխնդրի ձեզ փոփոխություններ անել: Իսկ եթե ստանաք ղեկավարի գովասանքը, ապա հանգիստ խղճով կարող եք ներկայացնել աշխատանքը ձեր ընդդիմախոսին:
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Դիպլոմայինի պաշտպանությունը այս ամբողջ գործընթացի շատ կարևոր մասն է, և այդ մասին մենք կխոսենք նաև առանձին: Նշենք, որ դիպլոմայինը ղեկավարին հանձնելով՝ գործը ավարտված չի կարելի համարել. պետք է չծուլանալ ու պատրաստվել նաև պաշտպանության ելույթին՝ այդ չափազանց կարևոր 5-6 րոպեներին:
Ներկայացուցչական մասը նույնպես պետք է գերազանց տպավորություն թողնի: Հաշվի առեք նաև, որ ձեր ընդդիմախոսն ու դիպլոմայինի ղեկավարը շատ լավ ծանոթ են, աշխատում են միասին, այնպես որ, ընդդիմախոսի, ինչպես նաև հանձնաժողովի գնահատականը մեծ չափով կախված են հենց դիպլմայինի ղեկավարի կարծիքից: Այնպես որ, աշխատանքը գրելու ամբողջ ընթացքում մի մոռացեք հարգալից, պարտաճանաչ ու աշխատասեր լինելու մասին:
Մաղթում ենք ձեզ հաջողություն ու գերազանց գնահատական:
In this article
- ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
- աշխատանք
- բարձրագույն կրթություն
- բուհ
- գիտական հոդվածներ
- գրադարան
- գրականության ցանկ
- դիպլոմ
- դիպլոմային
- դիպլոմային աշխատանք
- դիպլոմային աշխատանք ինքնուրույն
- դիպլոմայինի ձև
- դիպլոմայինի ձևաչափ
- դիպլոմայինի ղեկավար
- ինչպես գրել դիպլոմային
- ինչպես գրել դիպլոմային աշխատանք
- կուրսային աշխատանք
- կրթություն
- հանձնաժողով
- հղումներ
- ուսանող
Join the Conversation