ԴԵՅԼ ՔԱՐՆԵԳԻ. ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ 7 ԴԱՍԵՐ

Դեյլ Քարնեգիի անունը ծանոթ է գրեթե բոլոր մարդկանց, ովքեր հետաքրքրվում են անձնական աճով և ինքնազարգացմամբ: Դեյլ Քարնեգին հանրահայտ դասախոս և հոգեբան էր, ինքնազարգացման դասընթացների հեղինակ, հանրային ելույթների և մարդկային շփումների հրաշալի մասնագետ:

24579
Դեյլ Քարնեգի

«Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գիրքը առաջին անգամ լույս տեսավ 1936 թվականին և անմիջապես բեսթսելլեր դարձավ և նույն հաջողությամբ շարունակում է վաճառվել նաև այսօր:

Քարնեգին նաև հաջողության դասընթացի հեղինակ է, որը բաղկացած է 7 կարևոր կանոններից: Եվ այսպես, առաջարկում ենք ծանոթանալ այդ հետաքրքիր ու կարևոր դասերին:

ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԱԽ Է ԾՆՈՒՄ

«Անգործությունը ծնում է կասկածներ և վախ, մինչդեռ գործողությունները համարձակություն ու վստահություն են պարգևում»:

Եթե ուզում եք հաղթել վախին, ապա մի նստեք տանը և դատողություններ արեք: Դուրս եկեք տանից, սկսեք գործել: Հենց այսօր: Եթե լավ գաղափար ունեք, անպայման փորձեք իրականացնել այն: Անգործությունը ավելի մեծ չափով անգործություն է ծնում, իսկ գործողությունը իր հետևից բերում է նորանոր գործեր: Եթե ուզում եք հաջողության հասնել, պետք է ակտիվ գործողություններ սկսեք: Դա է միակ ճանապարհը:

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

«Փոխանակ անհանգստանաք այն մասին, թե ինչ են մտածում ձեր մասին ուրիշ մարդիկ, ինչո՞ւ չօգտագործեք այդ ժամանակը և չփորձեք անել այնպիսի մի բան, որը կհիացնի նրանց»:

Ուրիշների կարծիքի մասին մտահոգվելը թանկարժեք ժամանակի հսկայական կորուստ է: Կենտրոնացեք այն գործի վրա, որը պետք է անել, և այդ ժամանակ արդեն մարդիկ անպայման կսկսեն խոսել ձեր մասին և հիանալ ձեր գործերով:

ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ՄԵԿ ԱՍՏԻՃԱՆ Է ԴԵՊԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ

«Սովորեք սխալների վրա: Հիասթափություններն ու անհաջողությունները ամենակարևոր աստիճաններն են դեպի հաջողություն»:

Շատ հաճախ այն մարդիկ, ովքեր մեծագույն պարտություններ են կրել, նաև ունեցել են հզոր հաղթանակներ: Դուք պետք է կարողանաք օգտագործել ձեր հիասթափություններն ու ձախողումները՝ որպես գործիք, որոնք ձեզ կօգնեն դուրս գալ փոսի միջից և դրա փոխարեն կառուցել ձեր պալատը:

ՄԵՐ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՒՄ ԵՆՔ ՄԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ

«Երջանկությունը կախված չէ արտաքին հանգամանքներից: Այն պայմանավորված է միայն մեր հոգեբանական տրամադրվածությամբ»:

Երջանկությունը ընտրություն է: Այն հիմնված չէ այն բաների վրա, որ տեղի են ունենում մեր շուրջը, այլ միմիայն այն բանի վրա, ինչ տեղի է ունենում մեր հոգում և մտքում: Քարնեգին ասում է, որ երջանիկ լինելու համար կապ չունի, թե որտեղ ենք մենք կամ ինչ ենք անում, կարևոր է միայն այն, թե ինչ ենք մենք մտածում այդ մասին:

Աշխարհում բոլորը երջանկություն են փնտրում, և այն գտնելու միայն մի ստույգ ուղի կա: Դրա համար դուք պետք է սովորեք կառավարել ձեր մտքերը: Երջանկությունն արտաքին պայմաններից չի կախված: Այն կախված է ներքին պայմաններից: Դուք երջանիկ եք կամ դժբախտ եք ոչ թե շնորհիվ այն բանի, թե ով եք դուք, որտեղ եք գտնվում կամ ինչ եք անում, այլ ձեր վիճակը պայմանավորված է նրանով, թե դուք այն ամենի մասին ինչ եք մտածում:

Դեյլ Քարնեգի

ՀԻՇԵՔ, ՈՐ ԱՅՆ, ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՔ, ԻՐ ՄԵՋ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Է ԿՐՈՒՄ

«Աշխարհի հետ մեր շփման համար կա 4 միջոց: Այն ամենը, ինչ մեզ շրջապատում է, մենք գնահատում և դասակարգում եք այս 4 նշաններով՝ ինչ ենք մենք անում, ինչ տեսք ունենք մենք, ինչ ենք խոսում և ինչպես ենք խոսում»:

Այն ամենը, ինչ մենք անում ենք, իր մեջ հաղորդագրություն է կրում՝ ի՞նչ ենք հագնում, ի՞նչ սանրվածք ենք անում: Այդպես մենք արտահայտում ենք ինքներս մեզ, փորձում ենք դա այս կամ այն կերպ հաղորդել մեր շրջապատին: Լավ մարմնակազմվածքը խոսում է այն մասին, որ դուք սիրում եք սպորտով զբաղվել կամ որ առողջ ապրելակերպի ջատագով եք: Գործնական կոստյումը խոսում է ձեր կյանքի նպատակների, նախաձեռնողական և գործնական տրամադրվածության մասին: Այս ամենը կարելի է կիրառել նաև հետևյալ կերպ: Ուշադրություն դարձրեք այն բանին, թե ինչպես են հագնվում, ինչպես են իրենց պահում հաջողակ մարդիկ, այն մարդիկ, ում ուզում եք նմանվել: Կրկնօրինակեք նրանց և վաղ թե ուշ ինքներդ էլ կդառնաք այդպիսին:

ԱՐԵՔ ԱՅՆ, ԻՆՉ ՁԵԶ ԴՈՒՐ Է ԳԱԼԻՍ

«Մարդիկ չեն կարող լինել հաջողակ այնքան ժամանակ, քանի դեռ նրանց դուր չի գալիս այն, ինչով նրանք զբաղվում են»:

Եթե ուզում եք հաջողակ լինել, զբաղվեք ձեր գործով ոչ հանուն փողի: Փողը բավականաչափ մոտիվացիա չէ հաջողության ճանապարհին հանդիպող բոլոր փորձություններն ու դժվարությունները հաղթահարելու համար: Զբաղվեք այն գործով, որը ձեզ իսկապես հաճույք է պատճառում: Այդ ժամանակ դուք իսկապես կվայելեք ձեր հաջողությունը:

ՌԻՍԿԻ ԳՆԱՑԵՔ

«Այն մարդը, ով պատրաստ է գնալ ավելի հեռու, քան ուրիշները, իսկապես խիզախ ու համարձակ է»:

Հաջողության հասնելու համար դուք պետք է նաև ռիսկի գնաք, պետք է պատրաստ լինեք, որ հնարավոր է նաև պարտություն կրել:

Քարնեգին ասում է. «Մենք ունենք կարողություններ, որոնց մասին չենք կռահում: Մենք ի վիճակի ենք անել այնպիսի բաներ, որոնց մասին նույնիսկ չենք էլ կարող երազել»: Բայց եթե երբևէ ռիսկի գնալու որոշում չկայացնեք, գուցե երբեք էլ չիմանաք ձեր բոլոր հնարավորությունների, ձեր ողջ պոտենցիալի մասին:

Ահա այսպիսին էին ամերիկացի հանրահայտ գրող և հոգեբան Դեյլ Քարնեգիի խորհուրդները հաջողության հասնելու համար: Զինվեք դրանցով և անցեք գործի:

In this article


Join the Conversation