ՍԹԻՎ ՋՈԲՍԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Սթիվ Ջոբսը համակարգիչներ չէր վաճառում, նա վաճառում էր տպավորություններ: Նույնը կարելի է ասել նաև նրա պրեզենտացիաների վերաբերյալ. դրանք կոչված էին տեղեկացնելու, տպավորելու, սովորեցնելու և զվարճացնելու:

5008
Սթիվ Ջոբսի ելույթների գաղտնիքները

Նրա ամեն մի պրեզենտացիան ասես մի հրաշալի բեմադրություն լիներ՝ հետաքրքիր սյուժե, հերոսներ, հակառակորդներ, բեմական ռեկվիզիտներ, գրավիչ վիզուալ էֆեկտներ, մի խոսքով այն ամենը, ինչը լիովին արդարացնում էր մուտքավճարը:

Ոչ մի այլ ձեռնարկատեր այսպիսի ոգևորությամբ չէր ներկայացրել իր արտադրանքը, որքան Սթիվ Ջոբսը: Ո՞րն էր նրա հանրային ելույթների հաջողության գաղտնիքը: Որպեսզի կարողանաք Սթիվ Ջոբսի պես տպավորություն գործել բավական չէ լավ պատմություններ պատմելը, պետք է դա կարողանալ անել ճիշտ:

Ջոբսն ինքը հետևում էր որոշակի կանոնների, որոնք օգնում էին իրեն տեղ հասցնել միտքը լսարանին: Ամերիկացի գրող Կարմեն Գալլոն «Սթիվ Ջոբսի պրեզենտացիաների գաղտնիքները» գրքի հեղինակն է: Ահա թե ինչ եզրակացությունների է նա հանգել` մանրակրկիտ ուսումնասիրելով Ջոբսի բոլոր հանրային ելույթները:

ԵՐԵՔԻ ԿԱՆՈՆԸ

Վաղուց պարզ է արդեն, որ մարդը չի կարող կենտրոնացած պահել իր ուշադրությունը մեծ թվով իրերի կամ թեմաների վրա: Հաջողակ հռետորները, դասախոսները, լրագրողները գիտեն այդ մասին: Սթիվ Ջոբսը նույնպես օգտվում էր այս կանոնից և լսարանի ուշադրությունը կենտրոնացած էր պահում՝ խմբավորելով թեմաները հարմարավետ եռյակների մեջ:

10 ՐՈՊԵԻ ԿԱՆՈՆԸ

Լսարանը կորցնում է իր կապը ձեզ հետ ուղիղ 10 րոպե հետո: Ոչ 11, ոչ 9, այլ հենց 10 րոպե հետո: Դա, իհարկե, չի նշանակում, որ դուք չեք կարող անցկացնել պրեզենտացիա, որը շատ ավելի երկար կտևի, քան այդ 10 րոպեն են: Դուք պարզապես պետք է այն ընդհատեք ժամանակ առ ժամանակ: Այդ դադարները կարող են լինել տարբեր տեսակի՝ տեսանյութի կամ, օրինակ, հարց ու պատասխանի տեսքով: Կարևորն այն է, որ դա ընդհատի միապաղաղությունը և հանգստանալու հնարավորություն տա լսարանին:

ԱՎԵԼԻ ՔԻՉ ԵՎ ԱՎԵԼԻ ԼԱՎ

Սթիվ Ջոբսի ելույթների առաջին սլայդները պարունակում էին 7 բառ, 3 թիվ, 1 ամսաթիվ և ոչ մի թվարկում: Մինչդեռ որքան հաճախ են ելույթ ունեցողները փորձում իրենց ելույթի ողջ տեքստը տեղավորել սլայդների վրա: Գուցե նրանք մտածում են, որ կմոռանան ինչ-որ բան ներկայացնել, կամ էլ որ լսարանում ներկաները կցանկանան կարդալ տեքստն ու նշումներ անել: Բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա ցրում է լսարանի ուշադրությունը և նվազեցնում ձեր բառերի ազդեցությունը նրանց վրա: Ավելի լավ է՝ փորձեք օգտագործել սլայդները որպես լրացում ձեր խոսքերին՝ դրանց մեջ ներառելով նկարներ, տեսանյութ կամ անիմացիա: Դա կօգնի լսարանին ավելի լավ հասկանալ և մտապահել ձեր խոսքը:

ՄԱՐԶՎԵՔ

Ջոբսն անընդհատ փորձում էր: Բավական երկար ժամանակ ամեն օր նա կրկնում էր պրեզենտացիան մի քանի ժամ շարունակ: Ջոբսի պրեզենտացիաները դիտելով՝ մեզ թվում է, թե նա պարզապես շատ տաղանդավոր էր, ասես ելույթ ունենալու բնածին տաղանդ ուներ: Նա ինքնավստահ էր, միշտ անում էր ամեն ինչ իդեալական՝ չմոռանալով ոչ մի մանրուքի մասին: Թվում է՝ պրեզենտացիա անցկացնելը չափազանց հեշտ գործ էր նրա համար: Բայց իրականում նա պարզապես հատկացնում էր բավականաչափ ժամանակ երկարատև ու հոգնեցնող այդ փորձերին:

Եվ որքան նկատելի է այն, որ այլ ելույթ ունեցողներ չեն անում դա: Հավանաբար հենց այդ պատճառով էլ փորձում են ամեն ինչ տեղավորել սլայդների վրա: Չէ՞ որ որքան քիչ տեքստ կա սլայդների վրա, այնքան լավ է պետք է իմանալ ներկայացվող թեման և ամեն մանրուքը, որի մասին պետք է խոսել: Հետևաբար Սթիվ Ջոբսի 4-րդ կանոնն էլ փոձել, փորձել և էլի փորձելն է:

In this article


Join the Conversation