ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ ՄԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ. 5 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏԱՍԽԱՆ

Առաջին հայացքից ոչ այնքան բարդ թվացող այս հարցը կարող է դառնալ ամենորոշիչը աշխատանքային հարցազրույցի համար: Ինչ-որ բան հորինել այնքան էլ չես ցանկանում, չէ՞ որ գործատուն հեշտությամբ կարող է տարբերել անկեղծ պատասխանը կեղծավորությունից: Բայց միևնույն ժամանակ ոչ ամեն անկեղծ պատասխան կարող է խոսել քո օգտին:

16930
Ինչու եք ցանկանում աշխատել մեր ընկերությունում

«Ինչո՞ւ եք ցանկանում աշխատել մեր ընկերությունում» հարցը թեկնածուին կարող է ավելորդ ձևականություն թվալ, չէ՞ որ եթե դիմել ես աշխատանքի համար, եկել ես հարցազրույցի, կաշվիցդ դուրս ես գալիս քեզ լավ ներկայացնելու համար, էլ ինչու՞ է պետք ևս մեկ պատճառ հորինել: Սակայն եթե թեկնածուն չի կարողանում ներկայացնել իր հետաքրքրվածությունը այդ աշխատանքի մեջ կամ էլ այդ հետաքրքրվածությունն առհասարակ բացակայում է, ապա դա բոլորովին էլ ձևականություն չէ և շատ բան է պատմում տվյալ մարդու մասին:

Հարցազրույցն անցկացնողը կարող է ամբողջական պատկերացում կազմել ձեր մասին ոչ միայն ձեր տված պատասխանից, այլև այն բանից, թե որքան արագ եք պատասխանում այդ հարցին, ինչպիսի պահվածք եք դրսևորում, ձեր աչքերը վառվում են այդ պահին, թե ոչ և այլն:

Հետաքրքրված աշխատողը կցանկանա ընկերությունում աշխատել ավելի լավ և ավելի երկար: Այդպիսի աշխատող գտնելու մասին երազում է յուրաքանչյուր գործատու:

Որպեսզի կարողանաք ավելի վստահ ու հեշտությամբ պատասխանել այդ հարցին, առաջարկում ենք նախևառաջ ձեզ համար պարզել, թե ինչ եք դուք սպասում ձեր ապագա աշատանքից: Ահա հետաքրքրիր և ազնիվ պատասխանների մի քանի օրինակ:

«Ես օգտվում եմ ձեր արտադրանքից/ծառայությունից ամեն օր/մի տարի/ամբողջ կյանքս: Այն ինձ դուր է գալիս, որովհետև… »

Աշխատանքի արդյունքի մեջ հետաքրքրվածությունը լավագույն մոտիվացիան է: Եթե անգամ նախկինում չեք օգտվել ընկերության արտադրանքից, փորձեք հետաքրքրվել ընկերության գործունեությամբ, հասկանալ, թե ինչով եք զբաղվելու ախատանքի ընդունվելու դեպքում: Կիսվեք գործատուի հետ ձեր կարծիքով այն մասին, թե ինչը արժե բարելավել, և ինչ դերակատարում դուք կարող եք ունենալ այդ գործում:

«Ես շատ եմ լսել ձեր ընկերության աշխատելաոճի, աշխատանքային միջավայրի մասին: Ինձ դուր են գալիս ձեր ընկերության աշխատանքային պայմանները, ձեր աշխատակիցների մոտիվացվածությունը»

Հարմարավետ պայմանները ևս այնպիսի նախապայման են, հանուն որի աշխատողը կցանկանա երկար մնալ նույն հաստիքում: Եթե չունեք ծանոթներ, ովքեր աշխատում են տվյալ ընկերությունում, ապա այցելեք ընկերության կայքի «Մեր մասին» բաժինը կամ ֆեյսբուքյան էջը: Դրանք ձեզ համար տեղեկատվության լավ աղբյուր կլինեն: Հարցազրույցի ժամանակ պատմեք այն դրական կարծիքների մասին, որոնք լսել եք այդ ընկերության մասին: Դա ցույց կտա, որ դուք պատահական մարդ չեք, ով հենց այնպես եկել է հարցազրույցի:

«Ինձ դուր է գալիս, որ դուք մտահոգվում եք ձեր հաճախորդների մասին, փորձում եք մարդկանց կյանքը ավելի հեշտ ու լավը դարձնել…»

Շատ ընկերություններ ունեն իրենց առաքելությունը և տեսլականը, ուսումնասիրեք դա, հասկացեք, թե ինչի է ձգտում այդ ընկերությունը, ինչ նպատակներ ունի, և նախևառաջ ինքներդ ձեզ համար պարզելով, թե ինչպես կարող եք այդ ամենի մասը դառնալ, կիսվեք ձեր կարծիքով, խոսեք այն մասին, թե ինչու է կարևոր ընկերության և ընկերության աշխատակիցների դերը:

«Ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր աշխատում են ձեր ընկերությունում և հիանում եմ նրանց կատարած աշխատանքով: Ես վստահ եմ, որ ձեր աշխատակազմի հետ հրաշալի լեզու կգտնեմ»

Աշխատանքային կոլեկտիվի ներդաշնակ մասը դառնալու կարողությունը կարևոր և ոչ հեշտ գործ է: Եթե դուք գտնում եք, որ սա հենց այն միջավայրն է, որտեղ դուք կզգաք, ինչպես «ձուկը ջրում», ապա անկեղծորեն ասեք այդ մասին գործատուին:

«Ես ուզում եմ զարգանալ և աճել իմ մասնագիտւթյան մեջ և կարծում եմ, որ ինձ դա հրաշալի կհաջողվի ձեր ընկերությունում»

Անկեղծորեն խոսեք ձեր մասնագիտական նպատակների մասին: Եթե ձեր նկրտումներն արդարացված ու հիմնավորված են, ապա գործատուն կգնահատի ձեր անկեղծությունը: Դուք կարող եք նշել այն հմտությունները, որոնց տիրապետում եք և պատարստվում եք կիրառել ձեր նոր աշխատատեղում, ինչպես նաև այն հմտությունները, որոնք հույս ունեք սովորել հենց այստեղ:

Փորձեք խուսափել շատ ընդհանուր կամ շատ պարզ պատասխաններից: Մեր առաջարկած տաբերակները ավելի «տեղայնացրեք» ձեզ համար, համապատասխանեցրեք հենց ձեր մարդկային տեսակին և այն աշխատանքին, որի համար պատրաստվում եք դիմել:

Իսկ պատասխանից հետո մի ամաչեք և հարցրեք, թե ինչու են հենց ձեզ հրավիրել հարցազրույցի: Դա կարող է հետաքրքիր երկխոսության սկիզբ դառնալ և ձեզ հեռու պահել այլ ձանձրալի հարցերից:

In this article


Join the Conversation