Այդ մարդու անունն է Լի Կուան Յու:
Լի Կուան Յուն Լոնդոնում կրթություն ստացած փաստաբան էր, Ժողովրդական գործողությունների կուսակցության անդամ: 1954թ.-ին՝ 31 տարեկանում, նա դարձավ կուսակցության առաջնորդ, իսկ 1959 թվականին կուսակցությունը իշխանության եկավ երկրում: Յուն դարձավ վարչապետ և կառավարեց երկիրն ավելի քան 30 տարի: Իսկ հետագա տարիներին շարունակեց մասնակցություն ունենալ երկրի կառավարմանը իբրև երկրի ավագ, այնուհետև՝ խորհրդատու նախարար:
Հենց Լի Կուան Յուի հիշողություններն են մեջբերված այս հոդվածում (նրա հեղինակած «Սինգապուր. Երրորդ աշխարհից դեպի առաջին աշխարհ» գրքից) և կօգնեն ձեզ լավագույնս հասկանալ Սինգապուրի անցած ճանանապարհը:
Այս փոքրիկ երկրի պատմությունը ցույց է տալիս, որ երկրի չափերը բոլորովին էլ ամենակարևորը չեն: Փորձեք պատկերացնել, Սինգապուրի զբաղեցրած տարածքն ընդամենը 714,3 կմ² է՝ շուրջ 40 անգամ փոքր Հայաստանից կամ ընդամենը 3,5 անգամ մեծ Երևանից:
Սինգապուրն ասես փոքրիկ ընկերություն լինի, որը ստիպված է եղել պայքարել մեծ ու հզոր մրցակիցների հետ նույն դաշտում, և կարողացել է դուրս գալ հաղթողի կարգավիճակով: Եվ ուրեմն, ինչի՞ հաշվին է հաղթել Սինգապուրը:
Ի՞ՆՉ ԷՐ ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՍԻՆԳԱՊՈՒՐԸ
1867 թվականից սկսած Սինգապուրը Բրիտանական կայսրության գաղութ էր՝ մի փոքրիկ կղզի ծովային ճանապարհների խաչմերուկում՝ անգլիական ռազմաբազայով և փոքրիկ ադմինիստրատիվ հաստատություններով: Երբ Անգլիան սկսեց կորցնել իր ազդեցությունը աշխարհում, գաղութները սկսեցին անկախություն ձեռք բերել: Սինգապուրն ուներ երկու ճանապարհ՝ մնալ Մալազիայի կազմում, կամ անկախություն հռչակել: Նա ընտրեց երկրորդ տարբերակը:
Սինգապուրի համար այդ փոփոխությունները վտանգ էին ներկայացնում, բայց նաև դուռ էին բացում նոր հնարավորությունների համար: Երիտասարդ երկիրը չուներ սեփական բանակ և այժմ ստիպված էր ինքնուրույն մրցակցել խոշոր հարևանների հետ:
Լի Կուան Յուն, ով արդեն երկրի վարչապետն էր, հրաշալի ստրատեգ էր և դիվանագետ: Նա լավ կապեր ուներ Մեծ Բրիտանիայի ղեկավարության հետ և նրա ջանքերի շնորհիվ անգլիացիները հնարավորինս երկար մնացին Սինգապուրում, և վերջինս հասցրեց սեփական բանակ կազմել և Մեծ Բրիտանիայի օգնությամբ զինել այն: Իսկ հետ Լի Կուան Յուն բարեկամական հարաբերություններ հաստատեց ԱՄՆ-ի հետ, ով այդ տարիներին իր համար հենակետեր էր փնտրում ամբողջ աշխարհով մեկ: Սինգապուրը ստացավ խոշոր ներդրումներ երկրի տնտեսությունը զարգացնելու համար:
Չնայած այս ամենին՝ քաղաքական գործիչներն ու տնտեսագետները պնդում էին. Սինգապուրը չի կարող գոյատևել ինքնուրույն. այն չունի խմելու ջուր և անգամ շինարարական ավազ ստիպված է գնել հարևաններից: Երկրում չկար զարգացած տնտեսություն, մարդկանց մեծամասնությունը չուներ կրթություն, փոխարենը կային ամենատարբեր քաղաքական ուղղվածություններ՝ կոմունիստներից մինչև ազգայնականներ, և կար հարևան գրեթե բոլոր երկրների թշնամական վերաբերմունք: Իսկ ամենամեծ խնդիրը թերևս գործազրկությունն էր, որն օր օրի աճում էր: Սակայն, ինչպես ասում են, անելանելիությունը թերևս լավագույն ուսուցիչն է, և այն ստիպում է մարդկանց փոխել հանգամանքները:
Ի՞ՆՉ ՈՐՈՇԵՑ ԱՆԵԼ ԼԻ ԿՈՒԱՆ ՅՈՒՆ
«Մենք պետք է աննախադեպ ջանքեր գործադրեինք ամուր, համախմբված ժողովուրդ դառնալու համար, որը կարող էր ամեն ինչ անել ավելի լավ ու ավելի էժան, քան մեր հարևանները, ովքեր ուզում էին մեզ դուրս թողնել մրցակցությունից ու մեր դերը անիմաստ հռչակել տարածարջանի առևտրաշրջանառության մեջ: Մենք պետք է տարբերվեինք բոլորից»:
Սինգապուրը գնաց մյուսներից տարբերվելու, ավելի օպտիմալ, գործնական ուղիներ և լուծումներ փնտրելու ճանապարհով: Դա վերաբերում էր ամեն ինչին՝ սկսած անվտանգության, բանակի, ներդրումների հարցերից մինչև աղբահանության, երկրի կանաչապատման և այլ փոքր հարցերի: Այս ամենը միասին ստեղծեցին այն տարբերությունը, որով այսօր առանձնանում է Սինգապուրը:
«Իմ մարտավարությունն այն էր, որ Սինգապուրը պետք է դառնար օազիս «առաջին աշխարհի» երկրների համար «երրորդ աշխարհի» տարածաշրջանում: Եթե Սինգապուրը կարողանար բարձրանալ «առաջին աշխարհի» երկրների չափանիշների մակարդակին՝ հասարակական անվտանգության, առողջապահության, կրթության, հեռահաղորդակցության, սպասարկման, երթևեկության ոլորտներում, ապա այն կդառնար հանգրվանի պես մի բան այն ձեռնարկատերերի ու մասնագետների համար, ովքեր կորոշեին բիզնեսով զբաղվել մեր տարածաշրջանում»:
Դա նշանակում էր, որ բնակչությանը պետք էր կրթել և ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, որպեսզի նրանք կարողանային հասնել նշված մակարդակներին: Եվ Լի Կուան Յուն սկսեց դպրոցների, հասարակական կենտրոնների ու կազմակերպությունների միջոցով փոխել մարդկանց ու վերացնել վատ սովորությունները:
«Ես սկսեցի պայքար թքելու դեմ դեռ 60-ական թվականներին: Մարդիկ թքում էին մեքենաների պատուհաններից, խանութներում, փողոցներում: Մենք դպրոցներում, լրատվամիջոցների միջոցով, ամեն հնարավոր տարբերակներով պայքարեցինք այդ չարիքի դեմ՝ հայտարարելով, որ դա նպաստում է տուբերկուլյոզի տարածմանը: Այսօր Սինգապուրում գրեթե անհնար է տեսնել մարդ, ով կթքի հասարակական վայրում»:
Յուրաքանչյուր ներդրողի այցի մասին նախապես տեղյակ լինելով՝ վարչապետը հոգում էր այն մասին, որ նրա ամբողջ ճանապարհը՝ օդանավակայանից մինչև հյուրանոց և հյուրանոցից մինչև վարչապետի գրասենյակ, մաքուր, կանաչապատ ու ծառաշատ լինի: Շուտով քաղաքի ամբողջ կենտրոնը դարձավ այդպիսին:
Եվս մի հետաքրքիր որոշում, որ կայացրեց վարչապետը, վերաբերում էր երկրի պետական լեզվին: Նախկին գաղութային այս տարածքում հավասարաչափ տարածված էին երեք լեզուներ՝ չինարեն, մալազիերեն, թամիլերեն: Երկրում հաստատուն կարգուկանոնի համար հարկավոր էր մեկ լեզու, որը կհամախմբեր այն բնակչությանը, որը իր կյանքը որոշել էր կապել Սինգապուրի հետ: Այդ լեզուն ընտրվեց անգլերենը: Այն հնարավորություն տվեց Սինգապուրին ավելի բաց ու հասկանալի դառնալ աշխարհի համար, իսկ անգլերենին տիրապետող սինգապուրցիները դարձան մրցունակ աշխատուժ միջազգային աշխատաշուկայում:
ԱՄԵՆԱԹԱՆԿ ՌԵՍՈՒՐՍԸ՝ ՄԱՐԴԸ
«Կառավարության ղեկավարումը շատ քիչ է տարբերվում դիրիժորի աշխատանքից, նա ոչինչ չի կարող անել առանց լավ թիմի: Բացի այդ թեև դիրիժորը պարտավոր չէ տիրապետել բոլոր գործիքներին, սակայն պետք է գոնե տեղյակ լինի դրանցից բավարար չափով, որպեսզի իմանա, թե ինչ սպասի յուրաքանչյուր երաժիշտից»:
Լի Կուան Յուն առաջնորդվում էր այն սկզբունքով, որ ամենաընդունակ մարդը, որ կար իր տրամադրության տակ, պետք է զբաղեցներ ամենապատասխանատու պաշտոնը (սովորաբար դա լինում էր ֆինանսների նախարարի պաշտոնը): Նա որդեգրել էր նպատակային կառավարման սկզբունքը, այն է՝ նախարարի առջև նպատակ էր դնում և նրան հանարավորություն տալիս իրագործել այն: Դա հրաշալի աշխատում էր, եթե նախարարն ինքն էլ նորարար, նախաձեռնող ու արագ կողմնորոշվող մարդ էր լինում: Պետական աշխատողները նաև շատ բարձր աշխատավարձ էին ստանում, ինչը լավագույն մասնագետներին մոտիվացնում էր աշխատել հենց կառավարությունում:
«Եթե համակարգի վերևում թույլ մարդիկ են, ապա համակարգը աստիճանաբար քայքայվում է: Դա անխուսափելի է: Այդ պատճառով մենք ընտրում էինք մեր երկրի լավագույն շրջանավարտներին և ուղարկում նրանց սովորելու ԱՄՆ-ի, Ավսրտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի համալսարաններ, իսկ երբ ավելի շատ գումար ունեցանք, կարողացանք ուղարկել նաև ԱՄՆ»:
Ավելի ուշ արտասահմանում սովորած այս մասնագետների շնորհիվ Սինգապուրում ի հայտ եկան առաջին տեղացի ձեռնարկատերերը և խոշոր ձեռնարկությունները: Դրանից հետո որոշում ընդունվեց նաև պետական կառավարումից դուրս բերել այլ կարևորագույն կառույցներ և դրանք նույնպես դարձնել արդյունավետ ու մրցունակ ընկերություններ:
«Հաջողակ կառավարիչները ադամանդներ են ծովափի ավազի մեջ ընկած: Դու պետք է կարողանաս տարբերել դրանք գեղեցիկ, բայց անպետք քարերից: Պետք է էներգիա, համբերություն ունենաս այդ քարերը փայլեցնելու համար, մարդկանց հետ աշխատելու կարողություն, նրանց՝ թիմում աշխատեցնելու կարողություն ունենաս»:
1968 թվականին՝ 9 տարի առանց հանգստի աշխատելուց հետո, կրթությունն առաջնակարգ համարող վարչապետն, այնուամենայնիվ, կարճ արձակուրդ վերցրեց ու մեկնեց Հարվարդ՝ Քենեդու անվան կառավարման դպրոց ու դարձավ… պատվավոր ուսանող: Շփվելով առաջատար գիտնականների ու դասախոսների հետ՝ Լի Կուան Յուն իր համար բազմաթիվ օգտակար ու հետաքրքիր գաղափարներ քաղեց ու վերադարձավ հայրենի երկիր՝ կառավարելու….
Այն, ինչ հրաշալի կարող է աշխատել Արևմուտքում, Արևելքում շատ հաճախ բացարձակապես անօգուտ է լինում: Լի Կուանը լավ գիտեր, որ ասիացի տղամարդը, լինի նա չինացի, հնդիկ, թե մալազիացի, նախընտրում է ամուսնանալ իրենից շատ ավելի ցածր կրթական մակարդակով կնոջ հետ: Թեև Սինգապուրում բարձրագույն կրթություն ունեցող անձանց կեսը կանայք էին, բայց նրանց միայն 1/3 -ն էր ամուսնացած: 1983 թվականին բարձրագույն կրթություն ունեցող տղամարդկանց միայն 30%-ն էր ամուսնացած բարձրագույն կրթությամբ կանանց հետ:
Սա Լի Կուան Յուին դրդեց սենսացիոն հայտարարություն անելու հեռուստատեսությամբ: Նա արդեն հասկացել էր, որ որքան կիրթ ու տաղանդավոր են կառավարության աշխատակիցները, այնքան ավելի լավն են լինում կառավարության, և առհասարակ երկրի արդյունքները:
Նա կոչ արեց կրթված տղամարդկանց ամուսնանալ բացառապես կրթված կանանց հետ, որպեսզի նրանց երեխաներն էլ լինեն խելացի ու տաղանդավոր: Իսկ կրթված ու չամուսնացած կանանց համար ստեղծվեց «Սոցիալական զարգացման գործակալություն», որը հնարավորություն էր տալիս կրթված տղամարդկանց և կանանց ծանոթանալ ու շփվել միմյանց հետ: Այսպիսով նաև վերջ տրվեց նախկինում հասարակության ընդունված՝ խնամախոսների միջոցով ամուսնանալու մշակույթին:
Քանի որ 60-ական թվականներին երկրում ծնելիության մակարդակը բավական բարձր էր, իսկ սոցիալական մակարդակը դեռ շատ ցածր, կառավարությունը որոշեց սահմանափակել ծնելիությունը Stop-at-Two նախագծի միջոցով: Երկու երեխայով սահմանափակվող ընտանիքներին պետությունը սկսեց ապահովել բնակարանով: Դա էր միակ տարբերակը, որը գտավ վարչապետը բոլոր քաղաքացիներին կրթությամբ և աշխատանքով ապահովելու հնարավորություն ունենալու համար:
Նա չվախեցավ լուծումներ որոնել անգամ այս նուրբ հարցերի համար՝ դեմ գնալով մի ամբողջ մշակույթի, հասարակարգի, ժողովրդական կարծրատիպերի, քանի որ այդ լուծումները ծառայելու էին մեկ կարևորագույն նպատակի՝ Սինգապուրի զարգացմանը:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕՂԱԿԸ
Եթե 60-ականների սկզբին ինչ-որ մեկն ասեր, որ Սինգապուրը ֆինանսական խոշորագույն կենտրոն է դառնալու, բոլորը նրան խելագար կհամարեին: Սակայն այս անգամ էլ Սինգապուրին օգնության հասավ ճիշտ տեղում գտնվելու և ճիշտ կողմնորոշվելու հանգամանքը: Ֆինանսական շուկայում կարևոր դեր խաղալու համար Սինգապուրը գտնվում էր շատ հարմար ժամային գոտում: Թեև տարածաշրջանի շատ այլ մայրքաղաքներ էլ կարող էին հավակնել այդ դերին, սակայն պակաս կարևոր չէին նաև այս քաղաք-պետության գործադրած ջանքերն այդ ուղղությամբ:
Այս համարձակ միտքը ծագեց կառավարության տնտեսակական գծով խորհրդատուի՝ դոկտոր Վինսեմիուսի գլխում, ով հասկացավ, որ Սինգապուրը իր ժամային գոտու շնորհիվ կարող է լինել հենց այն պակասող օղակը Սան Ֆրանցիսկոյի և Ցյուրիխի միջև, որը թույլ կտա աշխարհի բանկերին ապահովել շուրջօրյա ֆինանսական շրջանառություն:
Եվ չնայած բերենպաստ դիրքին՝ 1968 թվականին Սինգապուրը դեռ «երրորդ աշխարհի» երկիր էր, և հարկավոր էր արտասահմանյան բանկիրներին համոզել, որ այստեղ կան լավ պայմաններ աշխատանքի ու կյանքի համար, կան որակյալ մասնագետներ, բանկային արդյունավետ համակարգ:
«Դա վստահություն էր, որը մենք հավաքեցինք փշուրներով: Մենք սկսեցինք ամրապնդել վստահությունը Սինգապուրի հանդեպ՝ իբրև վայր, որտեղ կարելի է ազնվորեն զբաղվել բիզնեսով, մենք կրթեցինք ու սովորեցրինք մեր աշխատողներին, որպեսզի նրանք կարողանան իրականացնել վերահսկողություն ֆինանսական հաստատությունների և բիրժային կազմակերպությունների հանդեպ»:
Լի Կուան Յուին նաև հաջողվեց ասիական երկրում վերացնել կաշառակերությունը (ձերբակալելով անգամ իր ամենամոտ հարազատներին), արհմիությունները անպետք կառույցներից վերածել բիզնեսին նպաստող ու սատարող համակարգերի:
Իսկ ինչ վերաբերում է բնակչությանը սոցիալապես ապահովելու պատասխանատվությանը, Լի Կուանը որոշեց, որ դա կարող է դառնալ իսկական գլխացավանք, ինչպես եվրոպական մի շարք երկրների դեպքում է դա եղել և որոշեց այլ ելք փնտրել:
«Այնտեղ, որտեղ պետությունը իր վրա է վերցնում ընտանիքի գլխավորի գործառույթը, մարդիկ սկսում են թուլանալ և հույսները չեն դնում իրենք իրենց վրա, դադարում են աշխատել հանուն սեփական ընտանիքի բարօրության, և նպաստների ու օգնության սպասելը դառնում է ապրելակերպ: Իսկ աշխատող մարդիկ կորցնում են հաջողության հասնելու ձգտումը, աշխատելու ցանկությունը, քանի որ նրանց վրա չափազանց շատ հարկեր են դրվում՝ ավագ սերնդին սոցիալապես ապահովելու համար»:
Լի Կուան Յուն վճռական էր տրամդրված այդ հարցում ու գտնում էր, որ հետագա սերունդների վրա չպետք է դրվի այսօրվա մարդկանց ապահովելու բեռը: Հենց այդ պատճառով նա երկրի գրեթե բոլոր բնակիչներին դարձրեց իրենց բնակարանների սեփականատեր, ինչպես նաև ընկերություններից ու կազմակերպություններից մասնաբաժիններ տվեց: Փաստացի երկրի յուրաքանչյուր բնակիչ այսօր ունի իր անձնական խնայողական հաշիվը, որը լրացնում է թե կենսաթոշակային կուտակումների, թե առողջական ապահովագրության բացը, ինչպես նաև հնարավորություն է տալիս ինքնուրույն ներդրումներ անել ֆինանսական կառույցների և ձեռնարկությունների մեջ:
Նշենք նաև, որ Լի Կուան Յուին խստորեն դատապարտում էին երկրում ժողովրդավարության բացակայության համար՝ նշելով, որ Սինգապուրը ոսկե վանդակ է տեղացիների համար: Մինչդեռ վարչապետը պատասխանում էր.
«Ես չեմ կարծում, որ ժողովրդավարությունը լավագույն կառավարման ձևն է ամբողջ աշխարհի համար: Եթե այն իսկապես կատարյալ է, ապա այն վաղ թե ուշ կտարածվի ամբողջ աշխարհում: Այսօր ես մեր երկրի բնակիչներին տվել եմ առաջընթաց, տվել եմ ազնիվ կառավարություն, լավ կրթություն, բարձրակարգ առողջապահություն, աջակցություն մշակույթին: Եթե մարդկանց այլ բան է պետք, նրանք կարող են ձայն տալ ընդդիմությանը, որը նույնպես առկա է մեր երկրում»:
Լի Կուան Յուն մահացավ 2015 թվականին՝ իր հետևից թողնելով ուժեղ, զարգացած, առաջատար մի պետություն, երկիր, որտեղ չկան անկարգություններ, կեղտոտ փողոցներ, թափառաշրջիկներ, որտեղ անգամ մաստակի ներկրումն արգելված է, էլ չենք խոսում այն այստեղ-այնտեղ նետելու մասին:
Նա վստահ էր, որ այն մարդկանց, ովքեր ցանկանում են ստեղծել ծաղկող պետություն, ոչ ոք և ոչինչ չի կարող խանգարել:
«Ես ողջ կյանքս կառուցել եմ այս պետությունը, և ոչ ոքի թույլ չեմ տա այն քանդել: Անգամ մահվան մահճում եթե ես տեսնեմ, որ Սինգապուրում ինչ-որ բան այն չէ, ես տեղիցս վեր կկենամ»:
Join the Conversation