ՀԱՂԹՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ 30 ՍԿԶԲՈՒՆՔ

Հայտնի միլիոնատեր Բոդո Շեֆերը պնդում է, որ յուրաքանչյուրը կարող է փոխել իր կյանքը: Հաղթողները մարդիկ են, ովքեր ապրում են հագեցած ու վառ կյանքով, առաջնորդվում են սեփական օրենքներով և գիտեն, թե որտեղ է իրենց երջանկությունը:

12053
Հաղթող մարդկանց 30 կանոն

Բոդո Շեֆերը ներկայացնում է 30 սկզբունք, որոնք օգնել են իրեն և հազարավոր այլ մարդկանց դառնալ ավելի լավը և իրականացնել սեփական երազանքները:

1. ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՐԵՔ

Աճը և ցանկացած փոփոխություն սկսվում են կայացրած որոշումից: Մարդը վախենում է լքել իր համար ապահով տարածությունն ու բախվել ինչ-որ անծանոթ բանի: Բայց միայն ու միայն այդ քայլն է, որ աճի հնարավորություն է տալիս: Չէ՞ որ հնարավոր չէ ձգտել երազանքին՝ կառչած մնալով անցյալից:

2. ՄՇՏԱՊԵՍ ՍՈՎՈՐԵՔ ԵՎ ԶԱՐԳԱՑԵՔ

Որքան շատ ենք մենք սովորում, այնքան շատ ենք աճում և այնքան ավելի ազատ ենք դառնում: Եթե մենք դադարում ենք աճել ու սովորել, կյանքը դառնում է դատարկ ու անիմաստ: Մենք մշտապես պետք է կարդանք գրքեր, օրագիր վարենք, սեմինարների ու թրեյնինգների հաճախենք և շփվենք այնպիսի մարդկանց հետ, ումից կարող ենք նոր բաներ սովորել:

3.ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՄՈՏԵՑԵՔ ՁԵՐ ԱՊՐԱԾ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՕՐՎԱՆ

Մենք պետք է հաճախ մտածենք այն մասին, որ մեր կյանքի յուրաքանչյուր ակնթարթ անգնահատելի պարգև է: Եվ այդ պարգևների մեծ մասը մենք մատնում ենք անուշադրության, որովհետև զբաղված ենք «ավելի կարևոր» գործերով: Պարտադիր չէ անընդհատ ինչ-որ բան անել, երբեմն հարկավոր է պարզապես ապրել:

4. ԿԵՆՏՐՈՆԱՑԵՔ ԱՅՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎՐԱ, ՈՐԸ ԵԿԱՄՈՒՏ Է ԲԵՐՈՒՄ

Յուրաքանչյուր աշխատանքում կա մի քանի հիմնական գործ, որոնցից վերջնական արդյունքում կախված է եկամտի չափը: Հենց դրանց վրա դուք պետք է կենտրոնանաք: Հաղթողները տարբերվում են ոչ թե այն բանով, որ կարողանում են շատ լավ լուծել բարդ առաջադրանքները, այլ այն բանով, որ հրաշալի անում են պարզ բաները:

5. ԴԱՐՁԵՔ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որպեսզի ձեր կյանքի հանգամանքները փոխվեն, առաջին հերթին պետք է փոխվեք դուք ինքներդ: Պետք չէ նաև նախապես որոշել՝ արդյոք համապատասխանում եք այս կամ այն գործունեությանը: Միայն փորձելով և անընդհատ սովորելով՝ դուք կկարողանաք վարպետանալ այդ գործում: Կարևորը չհանձնվելն է:

6. ԳՈՐԾԵՔ

Աշխարհում շատ կան մարդիկ, ովքեր ապրում և աշխատում են իրենց հնարավորությունների սահմանից շատ ավելի ցածր մակարդակում, քանի որ չեն սովորել գործել: Գիտելիքը միայն պոտենցիալ ուժ է: Շատ խնդիրներ և դժվարություններ կանհետանան իրենք իրենց, հենց որ դուք գործի անցնեք: Կա միայն մեկ չափորոշիչ մեր մտադրությունների լրջությունը ստուգելու համար: Դա մեր գործողություններն են:

7. ՃԻՇՏ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ՍԹՐԵՍԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ

Բոլորն են այն կարծիքին, որ սթրեսները վնասակար են առողջության համար: Բայց դա բոլորովին էլ այդպես չէ: Ամեն ինչ կախված է սթրեսի ուժգնությունից և այն ղեկավարելու մեր կարողությունից: Ամենակարևոր կանոնը այն է, որ մենք պետք է ամբողջությամբ կենտրոնանանք այն բանի վրա, ինչով զբաղված ենք տվյալ պահին:

8. ՍՈՎՈՐԵՔ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կյանքը նման է աստիճանահարթակի: Աստիճաններից յուրաքանչյուրը ունի իր դժվարությունը: Եթե չենք հաղթահարում այն, չենք կարող ավելի վեր բարձրանալ: Մենք կարող ենք դրանք ընկալել իբրև խոչընդոտներ, բայց և կարող ենք ընկալել իբրև վարժություն, որը անում ենք հաջորդ աստիճանը բարձրանալուց առաջ: Կամ մենք հանձնվում ենք, կամ դառնում ենք ավելի ուժեղ:

9. ՄԻ ՓՈՐՁԵՔ ԱՆԻՎ ՀԱՅՏՆԱԳՈՐԾԵԼ

Լավագույն ուսումնառության տեսակը նմանակումն է: Երբեմն ուրիշ փորձն օգտագործելը կարող է շատ ավելի օգտակար լինել կյանքի շատ ոլորտներում, քան ամեն ինչ սեփական փորձով և ուժերով սովորելն ու հասկանալը: Կոմպոզիտորներ գոյություն ունեին նաև Մոցարտից առաջ, և նա շատ բան էր սովորել նրանցից, բայց դա հետագայում չխանգարեց նրան գրել արդեն իր սեփական հանճարեղ ստեղծագործությունները:

10. ԹԱՓ ՀԱՎԱՔԵՔ

Կանգնած գնացքը չի կարողանա տեղից շարժվել անգամ փոքրիկ խոչընդոտի դեպքում, իսկ արագ սլացող գնացքին չի կարող կանգնեցնել անգամ պատը: Հաջողությունը գալիս է ընթացքի ժամանակ, այնպես որ, գործունեության հենց սկզբից սկսեք շարժվել ու հետզհետե ավելի ու ավելի մեծացրեք արագությունը:

11. ԵՐԱԶԵՔ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՔ ՁԵՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ

Մեր երազանքներն ու նպատակները իրենցից մագնիսի պես մի բան են ներկայացնում, որոնք ձգում են դեպի իրենց այն ամենը, ինչ կարող է մոտեցնել մեզ դրանց իրականացմանը: Պետք է կարողանալ կենտրոնացնել բոլոր մտքերն այդ նպատակի ուղղությամբ և կասկածի նշույլ անգամ չթողնել այն բանում, որ այն անպայման իրականանալու է:

12. ՀԵՏԵՎԵՔ ՁԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ

Առողջությունը միայն հիվանդությունների բացակայությունը չէ: Դա նաև մեծ էներգիան է, կյանքի որակը, կենսուրախությունը: Հարկավոր է ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչ ենք ուտում, ինչ ենք խմում և որքան ենք գտնվում շարժման մեջ: Ցանկացած ծայրահեղություն վտանգավոր է: Հարկավոր է վարել հավասարակշռված ու խելամիտ կենսակերպ:

13. ՄԻ ՎԱԽԵՑԵՔ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ

Հնարավոր չէ հաճոյանալ բոլորին: Սխալներ միշտ էլ կարող են լինել, հետևաբար քննադատությունն անխուսափելի է: Մենք պետք է այն ընկալենք իբրև միջոց աճի ու ինքնակրթության համար: Քննադատությունից խուսափելու միակ միջոցը ոչինչ չանելն է, և անգամ այդ դեպքում կհնչեն քննադատություններ ոչինչ չանելու համար:

14. ԱՐԵՔ ՁԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ 110%-ՈՎ

Ամենաարդյունավետ աճի հնարավորությունը թաքնված է ևս մեկ՝ լրացուցիչ փորձի մեջ, երբ թվում է, որ ուժ այլևս չի մնացել: Այդ 10%-ի մեջ է ողջ տարբերությունը հերթական ինչ-որ բանի և հաջողության միջև: Մշտական պատրաստակամությունը ինչ-որ բան անել ավելի լավ, քան մեզնից սպասում են, պետք է դառնա սովորություն:

15. ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԱՃԻ ԽԹԱՆ

Կյանքը չի պատժում մեզ, այլ դաստիարակում է: Խնդիրների շնորհիվ մեր մեջ ծնվում և ի հայտ են գալիս մեր լավագույն հատկանիշները: Խնդիրները թույլ չեն տալիս մեզ վատնել մեր պոտենցիալը, այլ ստիպում են ակտիվություն և ստեղծագործական մոտեցում ցուցաբերել:

16. ԵՂԵՔ ԵՆԹԱԿԱ ՈՒ ՂԵԿԱՎԱՐ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ ՀԱՄԱՐ

Կարևոր չէ՝ մենք աշխատում ենք ինքներս մեր, թե մեկ ուրիշի համար: Անգամ եթե դուք ձեռնարկատեր եք, դուք պետք է աշխատեք այնպես, ասես ձեզ վերահսկում է ձեր ղեկավարը: Այն մարդը, ով չի կարող ենթարկվել ինքն իրեն, ստիպված կլինի ենթարկվել ուրիշներին:

17. ՁԵՐ ԱՌՋԵՎ ՄԵԾ ՆՊԱՏԱԿՆԵՐ ԴՐԵՔ

Մեծ նպատակի իրական նշանակությունը այն զարգացման մեջ է, որը մենք ունենում ենք այդ նպատակին հասնելու ճանապարհին: Որքան մեծ է այդ նպատակը, այնքան շատ մենք պետք է աճենք դրան հասնելու համար, հետևաբար այդքան ավելի հետաքրքիր կլինի մեր ճանապարհը: Միայն կյանքից պահանջելով լավագույնը՝ մենք կարող ենք դառնալ լավագույն անհատականություն:

18. ՏՎԵՔ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՅՆ, ԻՆՉԻ ԿԱՐԻՔԸ ՆՐԱՆՔ ՈՒՆԵՆ

Եթե հարցնենք ինքներս մեզ՝ ինչի կարիք ունեն մարդիկ ամեն ինչից շատ, ապա պատասխանը թերևս կլինի «սերը»: Այն հեշտացնում է շրջապատի հետ փոխհարաբերությունները առավել, քան որևէ այլ բան: Անկեղծ հետաքրքրվածությունը, համակրանքը, հավանությունը, աջակցությունը հզոր ուժեր են և կարող են հրաշքներ գործել:

19. ԹՈՒՅԼ ՄԻ ՏՎԵՔ ՁԵԶ ՇԵՂՎԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Որպեսզի հաջողության հասնեք, հարկավոր է ողջ էներգիան և ուժերը կենտրոնացնել մեկ գործի վրա: Շատերին դա տրվում է մեծ դժվարությամբ, քանի որ նրանք մշտապես շեղվում են ինչ-որ բանի վրա: Մենք անընդհատ փնտրում ենք պատճառաբանություններ մեր անգործության համար, բայց մոռանում ենք, որ մեզ հարկավոր են հարգանք և ճանաչում, այլ ոչ թե կարեկցանք:

20. ՕՐԻՆԱԿ ԾԱՌԱՅԵՔ

Մեր խոսքերին կշիռ են հաղորդում մեր գործողությունները: Որպեսզի մենք կարողանաք կրակ արթնացնել ուրիշների հոգում, մենք ինքներս պետք է վառվենք մեր գաղափաներով: Եթե մենք ուզում ենք, որ մարդիկ լսեն մեզ, խոսելուց բացի մենք պետք է նաև ինչ-որ բան անենք:

21. ՍԿՍԵՔ ԲՈԼՈՐ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԵՐԸ, ՈՐՔԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՇՈՒՏ

Որոշում կայացնելու պահից սկսած 72 ժամվա ընթացքում մենք պետք է նախաձեռնենք որևէ հստակ գործողություն: Սա շատ կարևոր է: Հակառակ դեպքում մեզ կմնա միայն 100-ից 1 հնարավորություն, որ մենք երբևէ կիրականացնենք մեր պլանավորածը:

22. ՎԵՐՑՐԵՔ ՁԵԶ ՎՐԱ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Մենք հակված ենք ողջ մեղքն ու պատասխանատվությունը դնել մեկ ուրիշի վրա՝ դրանով իսկ փոխանցելով մեր կյանքի վրա իշխանությունը այդ մեկ ուրիշին: Բայց իրականում միայն մեզնից է կախված՝ կիրականանան մեր երազանքները, թե ոչ: Եթե մենք չափազանց երկար չենք ցուցաբերում մեր կամքն ու վճռականությունը, ապա դրանք հետզհետե դառնում են ավելի թույլ և անհետանում են:

23. ՍՈՎՈՐԵՔ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՁԵՐ ՎԱԽԵՐԸ

Դրա համար կա երկու տարբերակ: Առաջինը երախտագիտությունն է: Երբ մենք հիշում ենք, թե ինչերի համար ենք շնորհակալ կյանքին, ապա վախն անհետանում է: Իսկ երկրորդը դեպի նպատակը միտված լինելն ու գործելն է: Չէ՞ որ որքան անշարժ ենք մենք, այնքան ավելի ամուր են մեզ կապում վախի շղթաները:

24. ԿԵՆՏՐՈՆԱՑԵՔ ՁԵՐ ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐԻ ՎՐԱ

Մեզնից յուրաքանչյուրն ունի ուժեղ ու թույլ կողմեր: Շատերը ուշադրություն են դարձնում միայն իրենց թույլ կողմերին և ենթադրում են, որ հենց այդ թույլ կողմերն են իրենց բոլոր անհաջողությունների պատճառը: Իրականում թույլ կողմերը ոչ մի նշանակություն չունեն հաջողության հասնելու գործում: Ամենագեղեցիկ վարդի թուփն այն թուփը չէ, որն ունի ամենաքիչ փշերը, այլ այն թուփը, որի վրա աճում են ամենագեղեցիկ ծաղիկները: Հաջողակ մեզ դարձնում են մեր առավելությունները:

25. ՍՈՎՈՐԵՔ ՏԱԼ ԵՎ ՆԵՐԵԼ

Եթե ուզում եք որ կյանքը ձեզ բարի աչքով նայի, ապա սովորեք բարին կամենալ ձեզ շրջապատող բոլոր մարդկանց: Ներելու կարողությունը տալու և կիսվելու լավագույն դրսևորումն է: Դա մարդու հոգևոր զարգացման բանալին է: Նույն կերպ մենք պետք է կարողանանք ներել ինքներս մեզ մեր սխալների և հիմարությունների համար:

26. ԽԵԼԱՄԻՏ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ՁԵՐ ՓՈՂԵՐԸ

Բարեկեցության հիմքը հետևյալն է. մենք պետք է ծախսենք ավելի քիչ, քան աշխատում ենք: Մեզ պետք չեն այն բոլոր բաները, որոնք մենք ցանկանում ենք ունենալ: Եթե մենք սովորենք ճիշտ վարվել ֆինանսների հետ, ապա մեր կյանքը որակապես կբարձրանա այլ մակարդակի վրա:

27. ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ԿԱՌՈՒՑԵՔ ՀԻՄՔԵՐԸ

Երկարատև հաջողությունը չի առաջանում մի քանի օրում: Ոչ մի արժեքավոր բան չի ստեղծվում մի քանի օրում, շաբաթում կամ ամսում: Որքան մեծ հաջողություն ենք մենք ակնկալում, այնքան ավելի ամուր պետք է լինեն դրա հիմքերը: Հենց դրա համար էլ պետք է համբերություն ունենալ և շարել աղյուսը աղյուսի հետևից:

28. ՇՐՋԱՊԱՏԵՔ ՁԵԶ ԴՐԱԿԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐՈՎ

Ոչինչ այնքան մեծ չափով չի ազդում մեր կյանքի վրա, որքան մեզ շրջապատող մարդիկ: Մենք նրանցից փոխառում ենք շատ ավելի շատ բան, քան կարող ենք ենթադրել: Մեր ուղեղը կուտակում է այն ամենը, ինչ մենք ենթագիտակցորեն ընկալում ենք: Եվ եթե մենք շրջապատում ենք մեզ հաղթող մարդկանցով, ապա ինքներս էլ աստիճանաբար սկսում ենք աճել ու զարգանալ:

29. ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶՆՈՎ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԱՃԻ ԽԹԱՆ

Բավարարվածությունը շատ վտանգավոր բան է. այն ծնում է ծուլություն և անտարբերություն: Մարդը, ով ամբողջությամբ բավարարված է ինքն իրենով, դադարում է աճել: Նրա մոտ կորչում է աշխատելու ցանկությունը, և առաջընթացը կանգ է առնում: Մենք պետք է շնորհակալ լինենք այն ամենի համար, ինչ ունենք, բայց միևնույն ժամանակ անընդհատ ձգտենք ավելիին: Միայն այդպես մենք կկարողանանք փոխվել և աճել:

30. ԵՂԵՔ ԱՐԾՎԻ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԲԱԴԻ ՊԵՍ

Ինչպե՞ս տարբերել արծվին բադից: Բադերը կռնչում են, իսկ արծիվները գործում են: Բադերը հոռետես են, արծիվները՝ լավատես: Բադերը փնտրում են արդարացումներ, արծիվները փնտրում են լուծումներ: Բադերը սպասում են, որ իրենց պետք է կերակրեն, իսկ արծիվները վերցնում են պատասխանատվությունն իրենց վրա և գտնում են այն, ինչ իրենց հարկավոր է: Գործելու փոխարեն փնթփնթալու ու քթի տակ խոսելու սովորությունը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել: Եղեք արծվի պես:

In this article


Join the Conversation