ԻՆՉՈ՞Ւ ՉԱՐԺԵ ԱՇԽԱՏԵԼ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՀԵՏ

Ինչի՞ մասին արժե մտածել բարեկամների հետ գործընկերային հարաբերություններ սկսելուց առաջ: Ի՞նչ խնդիրներ ու անհարմարություններ կարող են առաջանալ նման դեպքում: Ահա այս մասին ենք առաջարկում խոսել այս անգամ:

4906

Ոչ ամեն հարազատ մարդ կարող է լինել նաև արժեքավոր աշխատող: Կարևոր չէ՝ դուք եք ինչ-որ մեկին վերցրել ձեր «թևի տակ», թե դուք եք աշխատում ձեր բարեկամներից մեկի մոտ, այս խնդիրներից մեկն ու մեկը վաղ թե ուշ կկանգնի ձեր ճանապարհին:

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՇՓՈՒՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

Դժվար թե ձեր գործընկերները իրենց թույլ տան ազատ խոսել ձեր բարեկամի մասին, անգամ եթե խոսելու առիթ իսկապես կա: Եթե ձեր բարեկամը ձեր ընդհանուր ղեկավարն է, ապա նրանք հաստատ առանց ձեզ էլ կքչփան իրար մեջ, իսկ եթե դուք եք ղեկավարը, ապա ձեր բարեկամ-ենթակայի թերացումների մասին շատ քչերը համարձակություն կունենան որևէ բան ասելու: Անգամ ամենաանմեղ դիտարկումները կարող են առիթ դառնալ աշխատավայրում մեծ կոնֆլիկտների առաջացման համար:

ՉԱՓԱԶԱՆՑ ՇԱՏ ԿԱՄ ՉԱՓԱԶԱՆՑ ՔԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Դուք չեք ցանկանում, որ ձեր բարեկամի հանդեպ ներողամիտ լինեն և տպավորություն ստեղծվի, թե նա թիկունք ունեցող անբանի մեկն է, և որոշում եք նրա վրա ավելի շատ պարտականություններ դնել: Մյուս աշխատակիցները դա անշուշտ կգնահատեն, իսկ ահա ձեր բարեկամը՝ քիչ հավանական է: Կարող է լինել նաև միանգամայն հակառակ տարբերակը: Դուք գիտեք, որ նրա կյանքում հիմա դժվար շրջան է, կամ պարզապես նրան շատ եք սիրում, և նրա պարտականությունների մի մասը հանձնարարում եք մյուս աշխատողներին կամ էլ ինքներդ եք անում:

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԽՈՒՄ

Դուք ստիպված եք անընդատ անցում կատարել աշխատանքայինից ընտանեկան հարաբերությունների և հակառակը: Դուք մտնում եք ղեկավարի գրասենյակ, իսկ այնտեղ ձեզ ուրախ-ուրախ դիմավորում է սիրելի մայրիկը: Կամ էլ հակառակը, որոշում եք հյուր գնալ ձեր բարեկամին մի բաժակ թեյ խմելու համար, իսկ նրա մոտ «միանում է» աշխատանքային ռեժիմը, և դուք սկսում եք քննարկել աշխատանքային հարցերը: Երկու դեպքում էլ ձեզնից մեկը կորցնում է թանկ աշխատանքային րոպեները կամ փչացնում ուրախ տրամադրությունն ու հանգստին հատկացված կարճ ժամանակը:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ ԱՌԱՆՑ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ԽԶԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅՈՒՆ

Եթե ոչ հարազատ աշխատողի դուք կարող եք նկատողություն անել կամ աշխատանքից հեռացնել, այս դեպքում կամ ստիպված եք կամ համակերպվել, կամ փչացնել հարաբերությունները: Կամ էլ գուցե դուք ցանկանում եք փոխել աշխատանքը, բայց քանի որ առանց ձեզ հանրավոր չէ ավարտել նախագիծը, ձեր բարեկամը խնդրում է ձեզ մնալ մի քիչ էլ, ևս մի ամիս, ևս մի տարի և այլն: Եվ անգամ աշխատանքից հեռանալուց հետո էլ գուցե ձեր օգնությանը դեռ շատ անգամներ դիմեն:

ՄՇՏԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՑ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

Բոլորին թվում է, թե դուք պարտավոր եք իրենց նախապես տեղյակ պահել աշխատավարձի կամ բոնուսների, հանգստյան օրերի, ընկերության պլանների մասին: Եթե գիտեք պատասխանները, պատրաստ եղեք, որ ինչ-որ մեկը ճիշտ չի հասկանա ձեր խոսքերը, իսկ հետևանքների համար պատասխանատվություն կկրեք հենց դուք: Իսկ եթե չգիտեք, միշտ էլ կարող են մտածել, որ դուք պարզապես թաքցնում եք:

ԱՎՏՈՄԱՏ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՁԵՐ ԲԱՐԵԿԱՄԻ ԲՈԼՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՆ

Դժվար ֆինանսական իրավիճակում հենց ձեզ կխնդրեն ձգել գոտիներն ու համբերել: Ով-ով, դուք պետք է հրաշալի հասկանաք, թե որքան վատ է ամեն ինչ: Կամ էլ գուցե ձեր հարազատի նախագիծն այնքան էլ իրատեսական չէ, բայց դուք չեք ուզում նրան մերժել և արդյունքում ծախսում եք ձեր ռեսուրսները քիչ օգտակար մի գործի վրա:

ԿՈՂՄՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

Երբ որևէ հաստիք տալիս են բարեկամի, նրա մասնագիտական կարողությունները շատ հաճախ հաշվի չեն առնում: Առաջնորդվում են միայն այն բանով, որ նա բարեկամ մարդ է, հետևաբար արդեն իսկ լավն է: Աշխատանքը ձեզ այդ պահին բոլորովին էլ դժվար չի թվում, սակայն արդյունքի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է հենց ձեզ վրա: Կա նաև հակառակ իրավիճակը. լինելով անգամ հրաշալի աշխատակից՝ դուք ձեր բարեկամին կարող եք թվալ ոչ այնքան հասուն, ոչ այնքան պատրաստված պաշտոնի բարձրացման համար, չէ՞ որ նա ձեր մասին շատ ավելի շատ բան գիտի, քան սովորաբար իմանում են ղեկավարները:

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՐՁԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Եթե ընկերության գործերը լավ չեն գնում, ապա դրա մեջ ներգրավված բոլոր բարեկամները ավտոմատ կերպով հայտնվում են դժվար ֆինանսական կարգավիճակում, գուցե և առանց ապրելու միջոցների: Ընկերության խնդիրները դառնում են բոլոր ընտանեկան հավաքների քննարկման թեմա՝ փակուղու մեջ դնելով նաև ընտանեկան կյանքը:

Եվ անգամ այս բացասական կողմերը հաշվի առնելով էլ՝ պետք է որոշում կայացնել՝ ելնելով տվյալ իրավիճակից: Կախված աշխատանքի բնույթից և ներընտանեկան հարաբերություններից, ամեն ինչ կարող է շատ հաջող դասավորվել կամ նույնիսկ ավելի վատ, քան մենք նկարագրեցինք:

Աղբյուր

In this article


Join the Conversation