ՃԱՊՈՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ՝ ՀԶՈՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

Իսկ դուք գիտե՞ք, թե ինչպես է ճապոնացիներին հաջողվում անընդհատ զարմացնել աշխարհին իրենց հերթական նվաճումներով ու տեխնոլոգիական գյուտերով: Պարզվում է՝ այս հարցում հսկայական ներդրում ունի Ճապոնիայի կրթական համակարգը:

27776
Ճապոնական կրթության սկզբունքները

Ահա այն սկզբունքներն ու առանձնահատկությունները, որոնք ճապոնական կրթությունը դարձնում են այսքան արդյունավետ:

Երբ երկրների մեծ մասում ուսումնական տարին ավարտվում է, ճանոպացիների մոտ սկսվում է «սեպտեմբերի 1-ը»: Ուսումնական տարվա սկիզբն այստեղ համընկնում է ամենագեղեցիկ երևույթներից մեկի՝ սակուրայի ծաղկման հետ: Առաջին եռամսյակը սկսվում է ապրիլի 1-ին և ավարտվում հունիսի 20-ին, երկրորդը սկսվում է սեպտեմբերի 1-ին և ավարտվում դեկտեմբերի 26-ին, երրորդը տևում է հունվարի 7-ից մինչև մարտի 25-ը: Այդպես, ճապոնացիները հանգստանում են վեց շաբաթ ամռանը և երկու շաբաթ ձմռանն ու ամռանը:

Ճապոնիայում նախադպրոցական կրթությունը պարտադիր չէ, սակայն երեխաների մոտ 50%-ը հաճախում է մանկապարտեզներ: Այստեղ կազմվում են խմբեր ոչ թե ըստ տարիքի կամ կարողությունների, այլ ըստ այն բանի, թե ինչպես են այդ խմբի երեխաները աշխատում, խաղում ու հաղորդակցվում միմյանց հետ: Ամեն կես տարին մեկ խմբերը վերակազմավորվում են և երեխային հնարավորություն է տրվում իրեն դրսևորել մեկ այլ միջավայրում:

Ճապոնական կրթության սկզբունքներըՃապոնիայում գտնում են, որ դպրոցական կրթության առաջին երեք տարում ակադեմիական գիտելիքները ամենակարևոր չեն: Այստեղ շեշտը դրվում է դաստիարակության վրա, երեխաներին սովորեցնում են հարգել մարդկանց ու կենդանիներին, սովորեցնում են մեծահոգություն ու կարեկցանք դրսևորել, որոնել ճշմարտությունը, բնության հանդեպ հոգատար վերաբերմունք ցուցաբերել և կառավարել իրենք իրենց ու իրենց զգացմունքները:

Դեռ վաղ մանկությունից երեխաներին պատրաստում են լավագույն ապագայի համար պայքարին, ձևավորում նրանց մեջ համակեցության բարձր կարողություններ, ուշադրություն են դարձնում երեխայի ֆիզիկական ու հոգևոր առողջությանը, սովորեցնում են աշխատել թիմում, անել այն, ինչ իրեն հանձնարարված է և չխանգարել ուրիշներին: Ճապոնական հասարակության մեջ, հասարակական բոլոր խմբերում դա պարզապես պարտադիր պայման է:

Ճապոնական կրթության սկզբունքներըՃապոնական կրթությունը ճնշում է երեխայի անհատականությունը, ստեղծագործ մտածելակերպը, սակայն դաստիարակում է գերմաքրասեր, գերկարգապահ ու գերաշխատասեր անհատներ: Դա դրսևորվում է միանման հագուստից, երեխաների հանդեպ միանման վերաբերմունքից մինչև միանման մտքերի պարտադրանք, թեև ճապոնացիները գտնում են, որ հենց դա է երեխաներին միավորում, դասարանին դարձնում մեկ միավոր, մեկ հավաքական ուժ, որը ընդունակ է շատ ավելի մեծ գործերի:

Ճապոնական կրթության մյուս առանձնահատկությունը կարգապահությունն է: Դժվար է պատկերացնել մի աշակերտ, որը երբեք դասերից չի փախել, այնպես չէ՞: Իսկ դուք փորձեք պատկերացնել մի ամբողջ հասարակություն, որը երբեք դասերից չի փախել: Նրանք ոչ միայն չեն փախչում դասերից, այլև երբեք չեն ուշանում, իսկ ուսուցչի խոսքը հարգելը և դասաժամի ընթացքում նրան ենթարկվելը պարտադիր պայման է երեխաների համար:

Ճապոնական կրթության սկզբունքներըՅուրաքանչյուր դասարան հերթով հավաքում է բոլոր լսարանները, միջանցքները և անգամ զուգարանները: Այդպես երեխաները մանկուց սովորում են թիմային աշխատանք կատարել և օգնել միմյանց: Բացի այդ հավաքելու և մաքրելու վրա այդքան ժամանակ ծախսելուց հետո դպրոցականներն արդեն ավելի ուշադիր են լինում հատակին ինչ-որ բան թափելուց ու դասարանները կեղտոտելուց առաջ: Դա սովորեցնում է նրանց հոգատար վերաբերմունք ցուցաբերել իրենց և մյուսների աշխատանքի, ինչպես նաև շրջակա միջավայրի հանդեպ: Մաքրության պաշտամունքը ճապոնական դպրոցներում մաքուր ձեռքերից հասնում է մինչև մաքուր մարմին, հագուստ, մազեր ու ատամներ:

Ճապոնական կրթության սկզբունքներըՏարրական ու միջին դասարանների երեխաների սննդակարգը հատուկ կազմվում է բժիշկների կողմից, որպեսզի այն լինի հնարավորինս առողջ ու օգտակար: Դասարանի բոլոր աշակերտները սնվում են իրենց ուսուցչի հետ միասին և ոչ պաշտոնական միջավայրում ավելի ջերմ շփվելու հնարավորություն են ունենում: Ինչ վերաբերում է բժիշկներին, ապա ճապոնական դպրոցներում մի ամբողջ բժշկական անձնակազմ է աշխատում՝ բժիշկ, բուժքույր, ատամնաբույժ, դեղագետ, առողջության մարզիչ և այլն: Նրանք կոփում են երեխայի մարմինը, սովորեցնում դիմանալ շոգին ու ցրտին և առհասարակ գոյատևել բնակլիմայական ցանկացած պայմաններում ու միջավայրում:

Տարրական դասարաններում երեխաները սկսում են հաճախել նախապատրաստական դասընթացների, որպեսզի կարողանան ընդունվել լավագույն միջին ու ավագ դպրոցները: Երեկոյան ժամը 21.00-ին Ճապոնիայի ավտոբուսները լցված են լինում դպրոցականներով, որոնք վերադառնում են լրացուցիչ դասերից՝ Ձյուկուից: Նրանք հաճախում են այդ դասերին անգամ կիրակի օրերին և արձակուրդներին, քանի որ բարձր դասարաններում ուսուցումը թե ավելի երկարատև է, թե ավելի հագեցած: Եթե ցերեկային դպրոցները միտված են միանման վերաբերմունք ցուցաբերել բոլոր աշակերտների հանդեպ, ապա Ձյուկու դպրոցներում երեխաների հանդեպ կա անհատական մոտեցում. նրանց բացատրում են այն ամենը, ինչ նրանք չեն հասկացել դպրոցում: Այս «վարպետության դպրոցների» շնորհիվ ոչ մի դպրոցական չի մնում նույն դասարանում:

Ճապոնական կրթության սկզբունքներըՃապոնացի դպրոցականները չեն հանձնում քննություններ մինչև 4-րդ դասարան (այսինքն՝ երբ կդառնան 10 տարեկան), միայն երբեմն ինքնուրույն աշխատանքներ են գրում: Սակայն հետագա տարիներին քննությունները իսկական գլխացավանք են դառնում երեխաների համար: Միջին դպրոցում նրանք քննություն են հանձնում ամեն եռամսյակի վերջում: Իսկ ավագ դպրոցն ավարտելով՝ հանձնում են մեկ թեստ, որը կորոշի՝ կընդունվեն նրանք համալսարան, թե ոչ: Մրցակցությունը Ճապոնիայում այնքան մեծ է, որ ընդունելությունը համալսարաններ իսկական դժոխք է հիշեցնում դպրոցականների համար: Դպրոցն ավարտողների շուրջ 76%-ը շարունակում է կրթությունը համալսարանում: Այն, թե ինչ համալսարան կկարողանա դպրոցականը ընդունվել, կորոշի նրա հետագա կյանքի որակի և աշխատավարձի չափը:

Ճապոնական կրթական համակարգը համեմատաբար երիտասարդ է, սակայն հասցրել է ճանաչվել ամենաարդյունավետներից մեկը ոչ միայն Ասիայում, այլև ամբողջ աշխարհում: Արդյունքները խոսում են իրենք իրենց մասին. տնտեսական մեծ աճ, բարձր կենսամակարդակ: Ճապոնացիները հասկացել են, որ երկրի տնտեսական վիճակն անմիջականորեն կապված է ավտոմատացվածության բարձր մակարդակն ունեցող կրթության հետ և կառուցել են իրենց կրթական համակարգն այնպես, որ այն դարձել է երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման հիմնաքարը:

In this article


Join the Conversation