ՏՏ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՀԱՅԵՐԸ, ՈՎՔԵՐ ՀՌՉԱԿՎԱԾ ԵՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Նրանց մասին գրում են համաշխարհային տեխնո ամսագրերը, նրանց հաջողության բանաձևը ու պատմությունը ոգեշնչում են սկսնակներին, իսկ ստեղծած ինովացիաներից օգտվում են միլիոնավոր մարդիկ:

8067

Եվ նրանց միավորում է մեկ բան. բոլորը հայ են:

ԱԼԵՔՍԻՍ ՕՀԱՆՅԱՆ

Reddit.com-ի համահիմնադիր

Ալեքսիս Օհանյան«Forbes»-ը նրան անվանեց «ինտերնետի կառավարիչ»: Աշխարհի Top 100 կայքերից մեկի՝ Reddit.com-ի համահիմնադիր 31-ամյա Ալեքսիս Օհանյանը ծառայությունը ստեղծել է 22 տարեկանում: Reddit-ը նորությունների հարթակ է, օգտատերերը ավելացնում են լուրեր, մյուսներն էլ կարող են դրանց համար քվեարկել: Գնահատականներն էլ որոշում են նորության դիրքը: 9 տարեկան ընկերությունը համարվում է «ինտերնետի առաջին էջը»:

2009-ին Ալեքսիսը Reddit-ից հեռանում է և սկսում աշխատել այլ նախագծերում: 2010-ին գործարկում է ճանապարհորդությունների պլանավորման hipmunk.com նախագիծը, նույն տարում ստեղծում է ստարտափների ֆինանսավորմամբ և խորհրդատվությամբ զբաղվող ընկերություն:

Ալեքսիսի հեղինակած «Առանց նրանց թույլտվության» գիրքն էլ դարձել է բեսթսելեր: Այն սկսնակ գործարարների համար է, որոնք հավատում են համաշխարհային ցանցի ապագային և այն համարում են եկամտի և մարդկանց օգտակար լինելու աղբյուր: Ալեքսիսը առաջինն էր, որ Հայաստանում մի քանի համախոհների հետ առաջին անգամ կազմակերպեց «TedX Yerevan» կոնֆերանսը, որտեղ հեղինակավոր մարդիկ տարածում են գաղափարներ, որոնք կարող են փոխել ու ավելի լավը դարձնել աշխարհը: Հայտնի է, որ Ալեքսիսը վերադարձել է Reddit-ի ղեկին:

ԴԱՎԻԹ ՅԱՆ

ABBYY ընկերության հիմնադիր

Դավիթ Յան
Նրա կարողությունը գնահատվել է 200 միլիոն դոլար. բիզնեսը սկսել է 21 տարեկանում ընդամենը 1500 ռուբլիով: Դավիթ Յանը համարվում է զրոյից բիզնես սկսած 10 ամենահաջողակ գործարարներից մեկը։ Յանը «Lingvo» էլեկտրոնային բառարանի հեղինակն է: 46-ամյա Դավիթը ծնվել է Երևանում, մայրը հայ է, հայրը՝ չինացի, երկուսն էլ ֆիզիկոս են:

Մինչև 17 տարեկան դառնալը Դավիթը ապրել է Երևանում, ֆիզմաթ դպրոցից հետո կրթությունը շարունակել Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում: Չինական աշխատասիրությամբ և հայկական հնարամտությամբ Դավիթը ուսանողական տարիներին հիմնել է «Bit Software» ընկերությունը, որը 1998-ին վերանվանվել է ABBYY:

Նրա բառարաններից օգտվում են միլիոնավոր մարդիկ: Դավիթի բիզնես պլանը պարզ էր` թիմ հավաքել, որը կլցնի բառարանի պարունակությունը, և ծրագրավորող, որը կգրի ծրագիրը: Սկզբում Դավիթը վաճառում է ծրագրի 100 օրինակ՝ հատը 100 ռուբլիով. ստացվում է 10 հազար ռուբլի: Գնում է օգտագործած 06 մակնիշի ավտոմեքենա և վայելում ուսանողական կյանքը:

ԱԼԵՔՍ ՍԵՐՈԲՅԱՆ

«Industrial Toys» ընկերության հիմնադիր

Ալեքս Սերոբյան«Bungie Software Products Corporation»-ի հիմնադիր Ալեքս Սերոբյանը ստեղծում է վիդեոխաղեր: Նա առաջատար պաշտոններ է զբաղեցրել «Disney Interactive» և «Wideload Games» ընկերություններում: Այժմ աշխատում է «DePaul» համալսարանում: Այն առաջին համալսարանն է, որ առաջարկում է բակալավրի աստիճան թվանիշային խաղերի ստեղծման ոլորտում:

Ալեքսը համակարգչային խաղերով զբաղվել է ավագ դպրոցում: Քոլեջում ուսանելու տարիներին երկընտրանքի առջև է կանգնում. աշխատա՞նք փընտրել, թե՞ հիմնել սեփական ընկերություն: Հայրը խորհուրդ է տալիս աշխատանքի անցնել փորձառություն ձեռք բերելու համար, բայց երիտասարդը որոշում է հիմնել սեփական ստուդիա: Քոլեջում սովորելու տարիներին համակուրսեցու հետ ստեղծում է «Minotaur» խաղը:

«Bungie»-ն էլ դառնում է հանրաճանաչ «Apple Macintosh»-ի ամենահայտնի խաղերի ծրագրավորողը: Սերոբյանը 2004-ին հեռանում է «Bungie»-ից և ստեղծում «Wideload Games»-ը, որը գնում է «Disney»-ը: Սերոբյանը դառնում է «Disney Interactive Studios» խաղերի զարգացման վիցենախագահը և 2012-ին հեռանում պաշտոնից՝ մոբայլ խաղերի սեփական «Industrial Toys» ընկերությունը ստեղծելու համար:

ՐԱՖՖԻ ԿՐԻԿՈՐՅԱՆ

WattzOn.com-ի համահիմնադիր

Րաֆֆի ԿրիկորյանԵրբ նա միացավ «Թվիթեր»-ին, փոքր ընկերութուն էր՝ 40-50 աշխատակցով, երբ հեռացավ, այն համաշխարհային նախագիծ էր: Րաֆֆի Կրիկորյանը «Թվիթեր»-ի փոխնախագահն էր ՏՏ ոլորտում՝ պատասխանատու՝ ընկերության հիմնական ենթակառույցների ու ծրագրերի համար, որոնք գործի են դնում միկրոբլոգի էկոհամակարգը:

Րաֆֆին ղեկավարում էր միկրոբլոգի կարևոր ենթակառուցվածքները՝ տվյալների շտեմարանը, վեբ սպասարկիչները: Հայրը Բեյրութի հայ է, մայրը հայկական արմատներ չունի: Րաֆֆի Կրիկորյանի առաջին լեզուն հայերենն է, Նյու Յորքում ապրելիս ծնողներն ամեն ուրբաթ նրան և քրոջը տարել են հայկական դպրոց: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտ աֆֆին հիմնել է էներգախնայողության WattzOn.com նախագիծը:

«Business Week» ամսագիրը ստարտափն անվանել էր 2008-ի լավագույն գաղափար: Նա հեղինակել է «TiVo Hacks» գիրքը և դասավանդել է Նյու Յորքի համալսարանի ինտերակտիվ հեռահաղորդակցության բաժնում:

ԱՆԴՐԵՅ ՕՀԱՆՋԱՆՅԱՆՑ

«Badoo» նախագծի հիմնադիր

Անդրեյ Օհանջանյանց

Նա հարցազրույց չի տալիս ու չի նկարահանվում: Ներկայանում է Անդրեյ Անդրեև կեղծանվամբ: Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում հայտնված Անդրեյ Օհանջանյանցը «Մամբա» ծանոթությունների կայքը և «Badoo» նախագիծը ստեղծողն է։

Այն չաթի, ծանոթությունների ծառայության և լուսանկարների վարկանիշի միավորում է։ Անդրեևն ապրում է Լոնդոնում, ազատ ժամանակ շքեղ ավտոմեքենաներով զբոսնում է լոնդոնյան արվարձաններում։ Անդրեյի հայրը՝ Վագներ Օհանջանյանցը, հայտնի ֆիզիկոս էր:

Անդրեյը 1990-ականներին ծնողների հետ տեղափոխվել է Իսպանիա: Այնուհետև վերադարձել է Ռուսաստան: Բայց վերջին տարիներին բնակվում է Լոնդոնում:

Աղբյուր

In this article


Join the Conversation