ԻՆՉՊԵ՞Ս ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ԱԶԱՏՎԵԼ ՄՇՏԱԿԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ

Թող ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր մահու չափ զբաղված են: Եվ մի՛ իջեցրեք, եթե կարծում եք, որ մշտապես զբաղված լինելը գցում է արդյունավետությունը: Լավ, իջեցրեք ու կարդացեք սա:

5345

Մենք սովոր ենք աշխատել առանց հանգստի, բայց այդպես մեր աշխատանքի արդյունավետությունը նվազում է: Հետազոտությունները պարզել են մեր մշտական (բայց ոչ միշտ` օգտակար) ծանրաբեռնվածության երկու հիմնական պատճառները: Դրանք են`

Մարդը վախենում է անգործությունից: Մարդիկ գերադասում են անցնել մի քանի կմ ավելի, բայց չկանգնել լուսացույցի տակ: Թեև այդպես նրանք ավելի շատ ժամանակ են կորցնում: Հետազոտությունները ցույց են տվել, որ նույն բանը կատարվում է նաև աշխատավայրում: Մենք զբաղմունք ենք փնտրում, միայն թե անգործ չմնանք:

Մարդը հակված է գործելու: Բախվելով անորոշությանը, խնդիրներին, որոնք անմիջապես չեն կարող լուծվել, մենք փորձում ենք ինչ-որ բան անել, եթե անգամ անելու անհրաժետության չկա, և ավելի խելամիտ կլինի սպասելը:

Օրինակ` ինչպե՞ս պետք է վարվի դարպասապահը` տուգանային հարվածների սերիա հետ մղելիս: Ո՞րն է ամենաարդյունավետ դիրքը` գնդակը հետ մղելու համար: Շատերը կարծում են, թե դարպասի մոտ կանգնելով կարելի է աջ կամ ձախ ցատկել: Բայց պարզվում է, որ ողջամիտ է կենտրոնում կանգնելը: Հետազոտությունները ցույց են տվել, որ աջ ցատկող դարպասապահը կարողանում է հետ մղել ոչ ավելի, քան հարվածների 12,6%: Ցատկելով դեպի ձախ՝ նա հետ է մղում փոքր-ինչ ավելի՝ 14,2%: Իսկ ահա մեջտեղում կանգնած դարպասապահներին հաջողվում է բաց չթողնել գոլ հարվածների 33,3%-ի դեպքում:

Այնուամենայնիվ միայն 6.3% դեպքում է դարպասապահը նախընտրում կենտրոնում լինելը: Որպեսզի գնդակը բաց չթողնի, դապասապահն փորձում է անել ամեն հնարավորը և նետվում է ինչ-որ ուղղությամբ, թեկուզ և այդ ուղղությունը սխալ լինի: Մինչդեռ երբ կարողանում է հանգիստ կանգնել կենտրոնում, կարողանում է նաև գուշակել գնդակի ուղղությունը:

Իսկապես, երբեմն շատ ավելի օգտակար է կանգ առնել, ուսումնասիրել իրավիճակն ու մտածել: Գործելու ցանկությունը մեզ մղում է որոշումներ կայացնելու, մինչդեռ մենք չէինք հասցրել իրավիճակից գլուխ հանել: Ցայտնոտի մեջ գտնվող մարդիկ ամենաքիչը ցանկանում են ժամանակ հատկացնել հենց անելիքները պլանավորելու ու վերլուծելու վրա:

Մեզնից շատերը այնքան զբաղված են, սակայն, միևնույն է, շատ դանդաղ են առաջ գնում սոցիալական սանդուղքով, քանի որ իսկական արդյունավետությունը շատ ավելի դժվարությամբ է տրվում: Հնդկաստանում գտնվող մի զանգերի կենտրոնում հետազոտություն է անցկացվել: Նախապես վերապատրաստված աշխատակիցներին խնդրել են աշխատանքային օրվա ընթացքում չորս ժամը մեկ խորհել, թե ինչ իմացան այդ օրը ու գրի առնել դա: Մյուսները անդադար աշխատել են: Մեկ ամիս անց պարզվել է, որ խորհողների խմբի աշխատանքի արդյունավետությունը 22.8% ավելի է անդադար աշխատողների ցուցանիշից:

Վերլուծություններին հատկացված ժամանակը օգնում է մեզ կողմնորոշվել, տեսնել, թե ինչպես է առաջ ընթանում գործը, մեծ վստահություն է տալիս, որպեսզի շարունակենք ձգտել մեր նպատակին: 

Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր Օրիան Բանդերը նույնպես հետազոտություններ է արել Հնդկաստանում: Արտադրական ընկերությունների գործադիր տնօրեններին նա խնդրել է մեկ շաբաթվա ընթացքում արած բոլոր քայլերի մասին գրառում անել: Ուսումնասիրողները տնօրենների երկու տիպ են բացահայտել` մի խումբը հաճախ կազմակերպել է հանդիպումներ աշխատակիցների հետ, անմիջական շփման մեջ է եղել, մասնակցել նրանց աշխատանքին, տարբեր գործեր կատարել, մյուս մասն առավել հազվադեպ է շփվել աշխատակիցների հետ, պլանավորել է գործողություններն ու հետագա քայլերը, առանձին հանդիպումներ ունեցել ընկերությունից դուրս: Արդյունքում պարզվել է, որ անելիքը պլանավորող փոխտնօրենների աշխատանքն ավելի արդյունավետ է և նրանց քայլերը շատ ավելի դրական ազդեցություն են ունենում ընկերության արդյունավետության ու առաջխաղացման վրա:

Սովորեք կանգնել կենտրոնում` փորձառու դարպասապահի պես: Ազատվեք մշտական զբաղվածությունից, մի քայլ հետ արեք ու մտածեք: Վերլուծություններն օգնում են լուսավորել մեր ծրագրածը ու ավելի արդյունավետ են դարձնում աշխատանքը: Մի՞թե այնքան զբաղված եք, որ մտածելու ժամանակ չունեք:

Աղբյուր

In this article


Join the Conversation