ԱՆԳԼԵՐԵՆ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԵԹՈԴԸ

Ֆիլմերն ու սերիալները օրիգինալ տարբերակով դիտելով՝ կարելի է հեշտությամբ յուրացնել անգլերենը: Այս միջոցը շատ ավելի հետաքրքիր է, քան քերականությունն անգիր անելը, ինչպես նաև շատ ավելի արդյունավետ ու օգտակար:

11847
ԱՆԳԼԵՐԵՆ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԵԹՈԴԸ

Ահա թե որոնք են ֆիլմերի միջոցով անգլերեն սովորելու առավելությունները:

1.ԴՈՒՔ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ Ե՛Վ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՔ, Ե՛Վ ՀԱՃԵԼԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ

Ֆիլմեր ու սերիալներ դիտելը կարող են հրաշալի մոտիվացիա լինել ձեզ համար: Դուք կարող եք ժամանակ առ ժամանակ ընդհատել քերականական վարժություններ անելը ու ու հետաքրքիր տեսանյութ կամ ֆիլմ դիտել, լսել սիրելի դերասանի ձայնն այնպիսին, ինչպիսին կա, այլ ոչ թե հնչյունավորողի ձայնով, կարող եք դիտել նաև այն ֆիլմերը, որոնք չեն թարգմանվել հայերեն:

2. ԴՈՒՔ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՔ ՁԵՐ ԼՍՈՂԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Անգլերենի լսողական կարողությունը բարելավելու համար սա թերևս լավագույն տարբերակն է: Եթե սկզբում ձեզ համար դժվար է հասկանալ, թե ինչ են խոսում ֆիլմի հերոսները, օգտվեք ենթագրերից: Եթե ամեն օր որևէ տեսանյութ դիտեք գոնե 15-20 րոպե տևողությամբ, ապա 2-3 ամսից ոչ մի ենթագրի կարիք այլևս չի զգացվի: Ֆիլմեր դիտելով ձեր ականջը կսովորի տարբեր ակցենտների ու խոսքի ելևէջների:

3. ԴՈՒՔ ՄԵԾԱՑՆՈՒՄ ԵՔ ԲԱՌԱՊԱՇԱՐԸ

Ֆիլմ կամ սերիալ դիտելով՝ կարելի է նշանակալիորեն մեծացնել բառապաշարը: Շատ բառերի նշանակություն դուք կհասկանաք հենց կոնտեքստից, իրավիճակից, կմտապահեք, թե որ դեպքերում է գործածվում տվյալ բառը կամ արտահայտությունը: Իսկ ինչպես հայտնի է, բառերը կոնտեքստային ձևով սովորելը համարվում է ուսուցման լավագույն ձևը:

4. ԴՈՒՔ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՔ ԽՈՍԱԿՑԱԿԱՆ ԲԱՌԵՐ, ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՍԼԵՆԳ

Ֆիլմի հերոսները իրար հետ չեն շփվում գրական արտահայտություններով ու բառապաշարով, նրանք շփվում, ինչպես լեզվակիրները կշփվեին իրենց առօրյայում: Եվ նրանց խոսքում կան թե՛ խոսակցական կամ կրճատված բառեր, թե՛ սլենգային արտահայտություններ: Այնպես որ, եթե մտադրություն ունեք շփվելու անգլիացիների կամ ամերիկացիների հետ, գտնվել նրանց հետ միևնույն վայրում, ապա նրանց հասկանալու համար անպայման դիտեք ֆիլմեր ու սերիալներ բնօրինակով:

5. ՁԵՐ ԽՈՍՔԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԲՆԱԿԱՆ

Ֆիլմերի մեջ դուք լսում եք մարդկանց կենդանի խոսքը, հասկանում եք, թե ինչ հնչերանգով է պետք խոսել, երբ անել տրամաբանական դադարներ ու շեշտեր դնել: Ձեր ստացած տեղեկատվությունը տպվում է ձեր հիշողության մեջ և արդեն ենթագիտակցորեն դուք սկսում եք կրկնել ֆիլմերում ձեր տեսած հերոսների խոսքը, օգտագործել այս կամ այն արտահայտությունը նրանց բառապաշարից, խոսում եք նույն արագությամբ և հնչերանգներով:

6. ԴՈՒՔ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՔ ՀԱՍԿԱՆԱԼ ԼԵԶՎԱԿԻՐՆԵՐԻ ՀՈՒՄՈՐՆԵՐԸ

Լեզվակիրների հումորների մեծ մասը մեզ համար խորթ ու անհասկանալի կարող է թվալ, որովհետև շատ դեպքերում դրանք հիմնված են բառախաղի վրա: Ամերիկացիների կամ անգլիացիների հումորները կարելի է սովորել հասկանալ, եթե շատ կատակերգություններ դիտեք անգլերենով, ինչպես, օրինակ, «Ընկերներ» սերիալը:

7. ԴՈՒՔ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՔ ԱՅԼ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ֆիլմից կարելի է հասկանալ նաև, թե ինչ սովորույթներ, ինչպիսի առօրյա, ինչպիսի մենթալիտետ ունեն լեզվակիրները: Ապա հիշեք «Տանը մենակ» ֆիլմը. չէ՞ որ այն ամբողջությամբ բացահայտում է մեզ համար, թե ինչ է ամերիկացիների համար Սուրբ Ծնունդը: Իսկ «Ընկերներ» հեռուստասերիալում, օրինակ, հրաշալի ներկայացվում է Երախտագիտության տոնը:

ՄԻ ՔԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴ

  • Ընտրեք համապատասխան բարդության ֆիլմ: Սկսնակները կարող են ընտրել ուսուցողական տեսանյութեր, իսկ փոքր-ինչ փորձվածները ավելի մեծ ընտրություն ունեն: Այստեղ կարող եք գտնել համապատասխան ֆիլմերի ցուցակներ անգլերենի տարբեր մակարդակ ունեցողների համար:
  • Դիտեք ձեզ արդեն ծանոթ ֆիլմ: Այդպես դուք ծանոթ կլինեք սյուժեին և հավելյալ չեք լարվի այն հասկանալու համար, այլ կկենտրոնանաք բառերի վրա:
  • Օտարալեզու խոսք լսելիս հաճախ դժվար է լսել և ընկալել անգամ ծանոթ բառերը: Ենթագրերը կարող են այս դեպքում շատ օգտակար լինել: Կարճ ժամանակ անց դուք հերոսների խոսքը կկարողանաք հասկանալ առանց ենթագրերին նայելու և կանջատեք ենթագրերը:
  • Դուրս գրեք և սովորեք նոր բառերը: Եթե ուզում եք ոչ միայն հաճույք ստանալ ֆիլմ դիտելուց, այլև առավելագույն օգուտ քաղել դիտումից, ձեզ մոտ բառարան պահեք :
  • Ֆիլմը կամ տեսանյութը դիտեք մեկից ավելի անգամ: Առաջին դիտումից հետո փորձեք մտապահել նոր բառապաշարը, ապա սպասեք 3-7 օր և նորից նայեք: Երկրորդ անգամ արդեն մի օգտվեք ոչ ենթագրերից, ոչ բառարանից: Այդպես ոչ միայն բառապաշարը կմեծացնեք, այլև կլավացնեք խոսքի լսողական ընկալումը:
  • Փորձեք կրկնօրինակել ֆիլմի հերոսներին: Կրկնեք ոչ միայն նրանց խոսքը, այլև խոսելու ոճը, խոսքի հնչերանգը: Ընկերներից մեկի հետ ֆիլմից մի տեսարան բեմադրեք: Ե՛վ զվարճալի կլինի, և՛ օգտակար:
  • Օգտվեք հաջող կայքերից: Եթե ցանկանում եք ֆիլմը կամ սերիալը դիտել ենթագրերով, ձեզ կարող են դուր գալ ororo.tv և hamatata.com կայքերը:
  • Դիտեք հատուկ ուսուցողական տեսանյութեր: Youtube-ի այս ալիքն, օրինակ, կարող է շատ օգտակար լինել: Այստեղ ներկայացվում են հատվածներ ֆիլմերից, որոնց միջոցով կարելի է սովորել խոսակցական անգլերեն՝ դիպուկ արտահայտություններ, դարձվածքներ և այլն:
  • Կողմնորոշվեք ըստ ձեր հետաքրքրությունների: Մի դիտեք այն, ինչը ձեզ հետաքրքիր չէ, մի ծախսեք ձեր այդքան թանկ ժամանակը:
  • Եվ իհարկե օգտագործեք ձեռք բերած գիտելիքները: Խոսեք անգլերեն, որքան հնարավոր է շատ, և ձեր խոսքի մեջ կիրառեք ֆիլմերից նոր սովորած բառերն ու արտահայտությունները:

Աղբյուր

In this article


Join the Conversation