Գիտնականներն առանձնացնում են մտածողության մի քանի տեսակ՝ իդեալիստական, ռեալիստական, սինթետիկ (համադրական), պրագմատիկ և անալիտիկ (վերլուծական)։
Չկան այնպիսի մարդիկ, որոնք պատկանում են այս կամ այն տիպին, սակայն յուրաքանչյուրի մոտ սրանցից որևէ մեկը միշտ գերակշռում է։
Internest.am-ի հետ պարզեք, թե ինչ է վերլուծական մտածողությունը, ինչպես է այն ձևավորվում և այլն։
Վերլուծական մտածողությունը սերտորեն կապված է տրամաբանության հետ։ Այն պատասխանատու է ստացվող տվյալների վերլուծության, համեմատության համար, իսկ տրամաբանական մտածողությունը հիմնվում է պատճառահետևանքային կապերի վրա։
Վերլուծական մտածողությունն ընթանում է երկու փուլով՝
- Ստեղծագործական պրոցես, որն ուղեկցվում է նոր գիտելիքների ու տեղեկատվության փնտրտուքով։
- Ֆորմալ փուլ, որն ուղեկցվում է տվյալների վերլուծությամբ ու համադրմամբ, եզրահանգումներով։
Ինչո՞ւ է անհրաժեշտ զարգացնել վերլուծական մտածողությունը
Վերլուծական մտածողությունն անհրաժեշտ է յուրաքանչյուրիս՝ տեղեկատվությունը լավ ընկալելու և հիշելու, եզրահանգումներ անելու, որոշումներ կայացնելու համար։
Վերլուծական մտածողության ձևավորումն օգնում է ինչպես առօրյայում, այնպես էլ կրթության ու աշխատանքային գործունեության մեջ։
Վերլուծական մտածողության զարգացումը
Վերլուծական մտածողությունը կարելի է զարգացնել մի քանի եղանակով՝
- Շաբաթական մեկ անգամ մարզեք ուղեղը տարատեսակ վարժությունների միջոցով։ Այս մասին մանրամասն կարող եք կարդալ «Ինչպե՞ս բարձրացնել ուղեղի արդյունավետությունը» հոդվածում։
- Ազատ ժամանակ ունենալու դեպքում խաղացեք համակարգչային զարգացնող խաղեր։
- Հետևեք նորություններին։ Դրանք կատարյալ տարբերակ են վերլուծական մտածողության մարզման համար։ Փորձեք փաստերը վերլուծել, գտնել պատճառահետևանքային կապերը, եզրահանգումներ արեք ու փորձեք մշակել խնդիրները լուծելու ձեր մոտեցումները։
- Ընթերցեք հատկապես դետեկտիվ ու ֆանտաստիկ գրականություն։
- Հավաքեք փազլներ․ դրանք նույնպես նպաստում են ուղեղի մարզմանը։
- Խաղացեք սեղանի խաղեր։ Նույնիսկ ամենասովորական սեղանի խաղերն օգնում են վերլուծական մտածողությանը։ Ընտրեք այնպիսի խաղեր, որոնք հնարավորություն են տալիս հաջորդ քայլերը մտածելու, գործելակերպ ընտրելու համար։
- Օնլայն-խաղերը նույնպես օգնում են արագ վերլուծելու կարողության ձևավորմանը։
Մաղթում ենք ճկուն միտք ու մտածողություն։
Join the Conversation