ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ

Դեռևս 50 տարի առաջ մարդիկ աշխատում էին ուղղակի աշխատելու և վարձատրվելու համար, մինչդեռ այսօր կարևոր է ոչ միայն կատարող լինելը, այլև աշխատանքից հաճույք ստանալը։

12380
հմտություններ

Կան գիտելիքներ, որոնք միշտ են անհրաժեշտ, սակայն դրանց շարքերը եկել են լրացնելու նոր՝ 21-րդ դարին համապատասխան պահանջներ։ Սա նշանակում է, որ մարդը մշտապես սովորելու և կատարելագործվելու կարիք ունի։

Ի՞նչ է պահանջվում 21-րդ դարի մարդուց․

  • Լինել ուժեղ անհատականություն
  • Տիրապետել բազում հմտությունների
  • Կրթությունն, իհարկե, մեծ դեր ունի, բայց միայն կիրթ ու գրագետ լինելը բավական չէ։

Հաղորդակցման հմտություններ

21-րդ դարի ամենակարևոր պահանջներից մեկը հաղորդակցման հմտությունն է։ Բոլորն այս կամ այն չափով, գործի բերումով շփվում են միմյանց հետ։ Մարդկանց հետ շփվելու, մարդկանց վրա ազդելու կարողությունը կարևոր է ինչպես բիզնեսում, այնպես էլ աշխատանքի տարբեր բնագավառներում։

Ի՞նչ է հարկավոր շփման համար՝

  • Լսելու կարողություն
  • Տեղեկությունները գրավոր ու արդյունավետ կերպով փոխանցելու կարողություն

 

Վերլուծական հմտություններ

Այս հմտությունը սերտորեն կապված է իրավիճակը ճիշտ գնահատելու և որոշումներ կայացնելու կարողության հետ։ Պետք է կարողանալ սովորել ճիշտ եզրակացություններ ու կանխատեսումներ անել։

 

Համակարգչային հմտություններ

Եթե նախկինում բավական էր Word-ի ու Excel-ի իմացությունը, ապա այսօր դա քիչ է։ Պետք է կարողանալ կարգավորել ինտերնետը, լուծել մեծ խնդիրներ, հասկանալ սոցիալական ցանցերում աշխատելու սկզբունքներն ու փոքր-ինչ տիրապետել նաև Google-ի որոնողական համակարգին։

Միջանձնային հմտություններ

Սրանք այլ կերպ կոչվում են նաև մարդկային հմտություններ։ Դրանք թույլ են տալիս ընդհանուր լեզու գտնել, կարողանալ ներգրավվել զրույցների մեջ, մոտիվացնել ու փոխներգործել։ Ոչ պակաս կարևոր է նաև կոնֆլիկտները հարթելու և զիջումներ անելու կարողությունը։ Ընկերությունում աշխատում են մարդկային տարբեր տեսակներ և նրան, ում հաջողվում է նրանցից յուրաքանչյուրին անհատական մոտցում ցուցաբերել, կարիերայի ոլորտում կհասնի հաջողությունների։

 

Լավատեսական մտածողություն

Լավատեսությունն ամբողջ կյանքի ընթացքում մարդուն ուղեկցող ամենակարևոր հատկանիշներից է։ Այն հիմնականում անհրաժեշտ է լինում դժվար իրավիճակներում, երբ մարդը կարողանում է պահպանել հավասարակշռությունը, ղեկավարել զգացմունքներն ու որոշումներ կայացնել «սառը գլխով»։
Մոտիվացիան ու ինքնամոտիվացիան ստիպում են մարդկանց շարժվել առաջ, իսկ ոգևորվածությունն աշխատանքը վերածում է հաճույքի և ոչ թե պարտականության։

 

Կրեատիվություն

Կրեատիվությունն ապահովում է մրցակցային առավելությունն ու դրանից ստացված եկամուտը։ Սովորական մտքերն ու գաղափարներն այլևս ոչ ոքի չեն հետաքրքրում։ Լինել կրեատիվ չի նշանակում լինել միայն օրիգինալ, կարևոր է նաև բովանդակությունը։

 

Ինքնավստահություն

Այս հմտությունը գնահատվում է բոլոր ժամանակներում։ Վստահություն նշանակում է իրավիճակի ու սեփական ուժերի ճիշտ գնահատում։

 

Եղեք նախաձեռնող, մի արեք որևէ բան ուղղակի անելու համար, փորձեք ջանք ներդնել կատարելագործվելու, ինքնակրթվելու և առաջ շարժվելու համար։

 

 

In this article


Join the Conversation