ԷԼՈՆ ՄԱՍԿԻ ՖԵՆՈՄԵՆԸ

Երիտասարդ ու համարձակ գործարար Էլոն Մասկն այսօր Երկիր մոլորակի վրա ապրող ամենաարտասովոր մարդկանցից մեկն է, անշուշտ նաև ամենահայտնիներից ու հաջողակներից մեկը: Էլոն Մասկի հաջողությունների ու անհաջողությունների, ապագայի տեսլականների, սիրելի գրքերի ու կենսակերպի մասին կխոսենք այս անգամ:

9428

Աշխարհի ամենահայտնի վճարման համակարգի՝ PayPal-ի հիմնադիրը, Մարսի բնակեցման նախագծի հեղինակը, առաջին մասսայական արտադրության էլեկտրոմոբիլի և տիեզերական կենտրոնի՝ SpaceX-ի ստեղծողը միևնույն մարդն է: Եթե որևէ մեկը այսօր կարող է իսկապես աշխարհը փոխել, ապա նա, ամենայն հավանականությամբ, Էլոն Մասկն է: 

ԱՆԵԼ ՃԻՇՏ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ

Էլոն Մասկի ֆենոմենը

Մասկը բազմիցս է նշել, որ սիրում է կարդալ հանճարեղ մարկանց կենսագրությունները, մասնավորապես Բեն Ֆրանկլինի, Ուինսթոն Չերչիլի ու Հենրի Ֆորդի: Սիրում է նաև Դեյլ Քարնեգիի գրքերը: Նա կարդում է նաև հսկայական քանակությամբ գրականություն բիզնեսի, դիզայնի ու ֆիզիկայի մասին: Էլոն Մասկի սիրելի վեպը Դուգլաս Ադամսի «Տիեզերքում ավտոստոպով ճանապարհորդող»-ն է: Հենց Դուգլաս Ադամսի գիրքն է, որ ուսանողության տարիներին հսկայական ազդեցություն է թողել ապագա գործարարի վրա: Իր հարցազրույցներից մեկում Մասկը գրքի մասին ասում է.

«Այն սովորեցրեց ինձ, որ ամենադժվարը ճիշտ հարցադրումներ անելն է: Եթե դա մեզ հաջողվի, մնացածը կստացվի շատ հեշտ: Ես հասկացա, որ մենք պետք է ընդլայնենք մեր գիտակցության սահմանները, որպեսզի կարողանանք ճիշտ հարցեր ուղղել ինքներս մեզ… Ուսանողության տարիներին ես անընդհատ մտածում էի այն մասին, թե ինչը ամենամեծ չափով կարող է ազդել մարդկության ճակատագրի վրա: Եվ ես որոշեցի, որ դրանք կլինեն ինտերնետը, էներգիայի վերականգնվող ռեսուրսները և այլ մոլորակների բնակեցումը»:

Էլոն Մասկը փորձեց իր ներդրումն ունենալ այս ոլորտներից յուրաքանչյուրում:

ՄՏԱԾԵԼ ԳԼՈԲԱԼ. ԱՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ՉԵՆ ԱՐԵԼ ՔԵԶՆԻՑ ԱՌԱՋ

Էլոն Մասկի ֆենոմենը1995 թվականին, երբ ինտերնետը դեռ նոր էր զարգանում, Մասկը հիմնեց իր առաջին ինտերնետային ընկերությունը՝ Zip2-ը: Լրատվական գործակալություններին ու թերթերին առաջարկելով ծրագրային ապահովում և ինտերնետ-հարթակ՝ Մասկն աշխատեց առաջին լուրջ փողերը ինտերնետում: Նրանից առաջ դեռ ոչ ոքի դա չէր հաջողվել:

«Ես աշխատում էի առավոտից գիշեր, ապրում էի նույն պահեստում, որտեղ նաև ընկերության գրասենյակն էր, ցնցուղ էի ընդունում տեղի մարզադաշտի հանդերձարանում: Փոխարենը ես խնայում էի գումար բնակարանի վարձակալության վրա ու պահպանում էի ընկերության գոյությունը առաջին երկու ամենադժվար տարիներին»:

Այս ամենի արդյունքը եղավ այն, որ 4 տարի անց Zip2-ը վաճառվեց 340 միլիոն դոլարով:

Էլոն Մասկի հաջորդ նախագիծը PayPal-ն էր: Այն հիմնադրվեց 2000 թվականին, երբ բանկային քարտերի համար վճարման այլընտրանք առհասարակ գոյություն չուներ: Ընդամենը 2 տարի անց PayPal-ը գնեց eBay-ը՝ 1.5 միլիարդ դոլարով:

Երկու դեպքում էլ Մասկը նախաձեռնեց այնպիսի ծրագրեր, որոնք իրենից առաջ դեռ ոչ ոք չէր արել:

Ահա այսպես Մասկը ձեռք բերեց բավականաչափ միջոցներ, որպեսզի կարողանա զբաղվել իրեն հետաքրքրող մյուս ոլորտներով՝ տիեզերագնացությամբ և էներգիայի ստացման այլընտրանքային ուղիներով:

«Ամենայն հավանականությամբ ես ինտերնետ-նախագիծ այլևս չեմ սկսի ապագայում,- ասում է Էլոն Մասկը,- կարծում եմ, որ ես պետք է իմ ուժերը ուղղեմ այնպիսի իրերի ստեղծման վրա, որոնք կարող են դրական ազդել մարդկության ապագայի վրա»:

ԶԲԱՂՎԵԼ ԱՅՆ ԳՈՐԾՈՎ, ՈՐԸ ՍԻՐՈՒՄ ԵՍ

Էլոն Մասկի ֆենոմենը

Էլոն Մասկն այն մարդկանցից է, ովքեր անում են այն, ինչ դուր է գալիս իրենց, այլ ոչ թե այն, ինչ եկամտաբեր է: Յուրաքանչյուր  նախագծից ստացված եկամուտը նա ներդնում է նոր գաղափարի մեջ:

PayPal-ը վաճառելով eBay ինտերնետ-խանութին՝ նա կարող էր ապրել առանց որևէ բանի մասին մտահոգվելու: Կարող էր ներդնել իր աշխատած գումարները արժեթղթերի կամ ստարտափների մեջ, բայց որոշեց էլեկտրոմոբիլ ստեղծել, ստեղծել տիեզերական հրթիռներ արտադրող ընկերություն և արևային էներգիայի վերամշակման կայան:  

Ընդամենը 10 տարի առաջ ո՞վ կհավատար, որ այսպիսի նախագծերը կարող են գոյություն ունենալ իրական կյանքում:

ՉՀՈՒՍԱՀԱՏՎԵԼ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Էլոն Մասկի ֆենոմենը

Երբ Էլոն Մասկը ստեղծեց Tesla էլեկտրոմոբիլն և SpaceX տիեզերական հրթիռները, նրան սկսեցին համարել աշխարհի ամենահաջողակ գործարարներից մեկը: Բայց այդպես միշտ չի եղել: Մասկը նաև բազմաթիվ անհաջողություններ է կրել: 

  • 2000 թվականին նա գրեթե սնանկացման հասցրեց PayPal-ը:
  • Հեռացվեց PayPal-ի գործադիր տնօրենի պաշտոնից:
  • Հեռացվեց Tesla-ի գործադիր տնօրենի պաշտոնից:
  • 2008 թվականին կործանման եզրին կանգնեցին Tesla և SpaceX ընկերությունները:
  • 2010 թվականին Էլոն Մասկն ինքը ճանաչվեց սնանկ:

Նրա SpaceX հրթիռի առաջին արձակումը տիեզերք անհաջողության մատնվեց: Երկրորդ արձակումը կրկին ձախողվեց: Երրորդը՝ նույնպես:  Այս ընթացքում Էլոն Մասկը հասցրեց սպառել թե՛ իր, թե՛ ընկերության ամբողջ ֆինանսական միջոցները: Չորրորդ ձախողումը կնշանակեր ընկերության և հենց իր վերջը:

Մեզնից քանիսը պատրաստ կլինե՞ին այդ չորրորդ փորձին՝ երեք մեծ ձախողումներից հետո:

Հենց այս հատկությունն է տարբերում իսկապես հաջողակ ձեռներեցներին: Նրանք պատրաստ են զոհաբերել ամեն ինչ, ծախսել ողջ ներուժն ու գումարը իրենց գաղափարը իրականություն դարձնելու համար:

Էլոն Մասկի չորրորդ փորձը հաջողությամբ ավարտվեց, նրա SpaceX ընկերությունը NASA-ի հետ կնքեց միլիարդավոր դոլարներ արժեցող պայմանագիր ու ստացավ հսկայական քանակությամբ ներդրումներ: SpaceX-ը հրաշք չէր, այն պարզապես գոյատևեց ու հաջողության հասավ՝ շնորհիվ Մասկի համառության ու հավատի առ այն, որ ինքը ճիշտ ճանապարհի վրա է:

ԱՆԸՆԴՀԱՏ ԱՇԽԱՏԵԼ, ՌԻՍԿԻ ԳՆԱԼ ԵՎ ՉՎԱԽԵՆԱԼ ՍԽԱԼՎԵԼՈՒՑ

Էլոն Մասկի ֆենոմենը

Հարավային Կալիֆորնիայի Համալսարանում ելույթի ժամանակ Էլոն Մասկն ուսանողներին փոխանցեց այն 5 խորհուրդները, որոնք ժամանակին օգտակար են եղել իր համար:

  • Աշխատեք, երբ պետք է աշխատել: Շատերին թվում է, թե իրենք աշխատում են, երբ «թափառում են» սոցցանցերում ու ժամանցային կայքերում: Մի՞թե պետք է հիշեցնել, որ հաջողության հասնելու համար պետք է աշխատել, համառ աշխատել:
  • Գտեք գործընկերներ, որոնք պաշտում են իրենց գործը: Այնպես, ինչպես դուք, կամ ավելին:
  • Ներդրումներ արեք ձեր արտադրանքի բարելավման մեջ: Եթե ձեր ջանքերը արտադրանքն ավելի լավը չեն դարձնում, դադարեցրեք դրանք:
  • Մի հետևեք ժամանակի տրենդներին:
  • Ռիսկի գնացեք, քանի դեռ երիտասարդ եք:

Էլոն Մասկը ձեռնամուխ է լինում միայն գլոբալ խնդիրների լուծմանը, որոնք կարող են հսկայական օգուտ բերել մարդկությանը: Նա չի արհամարհում որևէ նախագիծ, որը անգամ չնչին հաջողության հնարավորություն ունի:  Էլոն Մասկը աշխատում է շաբաթական 100 ժամ արդեն 15 տարի շարունակ և չի վախենում սխալներ գործելուց: Աշխատելով օրական 12 ժամ՝ Մասկը նույնքան պահանջկոտ է նաև իր աշխատողների հանդեպ: Իհարկե, Էլոն Մասկի համար հեշտ չէ ապրել այս կենսակերպով: Հաճախ նա ստիպված է իր երեխաների հետ շփվել էլեկտրոնային փոստի միջոցով: Կա՞ մարդ, որ գիտակցաբար կցանկանա դա անել: 

Ոչինչ չի տրվում հենց այնպես: Մինչև հաջողակ դառնալը մարդիկ անցնում են անհաջողությունների ու պարտությունների միջով, ինչպես մեզնից յուրաքանչյուրը: Տարբերությունն այն է, որ մեկը նորից ուժ է գտնում իր մեջ ոտքի ելնել ու քայլել առաջ, մյուսը կիսատ է թողնում սկսածը: Հենց այստեղ է Էլոն Մասկի և այն մարդկանց տարբերությունը, ում անունները մենք չգիտենք:

In this article


Join the Conversation